Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Բագրատյան. «Դուք չեք թողնում, որ մեկը քիթը բանկ խոթի, ես էլ ուզում եմ, որ խոթի» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Հայաստանյան բանկերը ՓԲԸ-ից պետք է վերածվեն ԲԲԸ-ի: Սա պատգամավոր Հրանտ Բագրատյանի համոզմունքն է, որի հեղինակած նախագիծը մեկ տարի հետաձգումից հետո կրկին քննարկվում է. «Իրոք լինի բաց սակարակություն, ցանկում լինեն ու մի օր տեսնեն, որ իրենց ակցիաները սկսում է իջնել: Դուք հանրապետությունը զրկում եք նրանից, ինչը ֆոնդային, ֆինանսական շուկայի հիմնական գործիքն է: Բանկային համակարգում ով վատ է աշխատում, սնանկանում է, մեզ մոտ դա բացառվում է արդեն 20 տարի` ստաբիլ, բոլորին պետք է պահել, ամրոց ենք կառուցում` թույլ չտանք, որ մոտենան մարդիկ»,- նշեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ ԿԲ տեսակետը մեկն է` հարցը ոչ թե օրենքի ուժով, այլ հետեւողական աշխատանքի արդյունքում պետք է լուծվի. «Այստեղ սահմանադրականության մի հարց է ծագում, մենք չենք կարող պարտադրել բաժնետերերին, ասենք, արդյունքում՝ բաժնետերերը չուզեցին վաճառել իրենց բաժնետոմսերը, որ ավելանա բաժնետերերի քանակը, պետք է պարտադրենք: Պարտադրելու դեպքում, եթե չհամաձայնվեցին, պետք է բանկը լուծարենք»,- նկատում է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դեմ է այս նախագծին։ Ըստ նրա՝ մեր իրականության մեջ բանկին վստահում են՝ հաշվի առնելով, թե ով է հիմնադիրը: «Ով ասես կարող է դառնալ այդ բանկի հիմնադիրներից մեկը: Էլ չեմ ասում, որ ֆոնդային բորսայում տեղի ունեցող մախինացիաների շնորհիվ, մի ամբողջ բանկային համակարգ հայտնվի մախինատորների ձեռքին: Սրանք ծայրահեղ զարգացումներն եմ ասում»,- ասում է նա: «Ինչից եք վախենո՞ւմ: Դուք պարզապես պաշտպանում եք սեփականատերերին: Սա եմ ես արդեն զգում, որ հանկարծ այնտեղ մեկը քիթը չխոթի էդ բանկը, իսկ ես ուզում եմ, որ խոթի քիթը»,- նրան պատասխանեց Հրանտ Բագրատյանը: Վերջինիս ներկայացրած նախագիծը բացասական եզրակացությամբ մտավ ԱԺ օրակարգ: Ի դեպ, նիստից հետո, ԿԲ նախագահի տեղակալից փորձեցինք ճշտել` հիմնավորված է պատճառաբանությունը, թե էլեկտրաէներգիայի 17 դրամով հնարավոր թանկացումը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ։ «Ես ի՞նչ կարող եմ ասել: Ես հաշվարկներին չեմ տիրապետում»,- եղավ Ներսես Երիցյանի պատասխանը: