Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան դպրոց չի գնում. ո՞ւմ խնդիրն է սա

Հասարակություն
artem

Աղվերանում լրագրողների հետ հանդիպում-սեմինարին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ներկայացրեց Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը եւ այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Հիմնական նպատակը, ըստ նրա, բոլոր կազմակերպությունների ու անհատների հետ,  որոնք որեւէ գործունեություն են իրականացնում սոցիալական ոլորտում, համագործակցությունն է. «Եթե կարող ենք ավելի լավ ցույց տալ բոլոր առկա կարիքները, սոցիալական գործունեություն իրականացնողների աշխատանքն ավելի արդյունավետ կլինի»: Նախարարի խոսքերով՝ մշակել են կանոնակարգ սոցիալական ծառայությունների մատուցման մասին, որը ենթադրում է պետական մարմինների հետ համագործակցություն. «Ենթադրենք՝ երեխան դպրոց չի գնում, սա ի՞նչ խնդիր է՝ առողջապահակա՞ն, ոստիկանությա՞ն, համայնքի՞, սոցիալակա՞ն, սա մեկ կոնկրետ ոլորտի խնդի՞րն է, թե՞ բոլորի: Մենք պետք է բոլոր այս խնդիրները վեր հանենք ու խնդրին լուծում տանք: Հիմա մենք չունենք համագործակցության ճիշտ ձեւաչափը, որ կոնկրետ դեպքերով կոնկրետ լուծումներ կգտնի: Այսօր տարբեր ոլորտներում տարբեր չինովնիկներ մի բան անում են, էնքան որ իրենց տեղը մի բան արած լինելու համար: Այդ դեպքերն անսպառ են: Համակարգային լուծում տալու խնդիր ունենք ու պատասխանատվության ենթարկելու, կանոնակարգումներ մտցնելու եւ ակնկալվող արդյունք»: Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ այսօր հիմնական խնդիրն այն է, որ չինովնիկը սոցիալական տարբեր ընդունարաններում դիմում ընդունել չի սիրում.  «Արդյունքում քաղաքացին բողոքում է նախարարություն, սակայն մենք չունենք փաստ, որ նա դիմել է տվյալ սոցիալական ծառայության ընդունարան, մերժվել է, քանի որ ամեն ինչ եղել է  բանավոր: Գրավոր դիմումը իրավունքի իրացման գլխավոր սկզբունքն է: Բոլոր գերատեսչությունների հետ մեկ միասնական ընդունարանների ստեղծումը հնարավորություն կտա արագ արձագանքելու սոցիալական խնդիրներ ունեցողին: Այսօր կա նմանատիպ 18 ընդունարան, առաջիկա ամիսներին դրանց թիվը կհասնի մոտ 58-ի»: Նախարարի վստահեցմամբ՝ որքան քաղաքացին տեր չի կանգնում իր իրավունքներին, այնքան իրենց գործը բարդ է. «Այս միասնական պորտալի միջոցով քաղաքացին ֆիքսում էիր կարգավիճակը ու սկսում օգտվել բոլոր այն սոցիալական ծառայություններից, որոնք նախատեսված են իր համար: Այժմ այս ամբողջ կանոնակարգերը վերջնական տեսքի են բերվում»: Լրագրողների հետ հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ։