«Կարողանում ենք 500 գրամանոց երեխաներին պահել». գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
«Ոչ պրոֆեսիոնալ մասնագետները բժշկական կենտրոններ են բացում, որի պատճառով շատ խնդիրներ ենք ունենում»,-հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի ներարգանդային ախտորոշման և զարգացման արատների վաղ հայտնաբերման ծրագրի թեմայով համաժողովի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։ Վերջին տարիներին երկրում կրճատվել են մայրական մահացության դեպքերը։ «Այժմ տարեկան 7-8 մահացություն է գրանցվում։ Անպտղության խնդրով էլ հաջողություններ կան. 25,8 տոկոս է իջել անպտղությունը»,-հայտնում է բժիշկը։ Նշում է նաև, որ «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ արդեն 100-ից ավելի երեխա է ծնվել։ «Այժմ մենք կարողանում ենք 500 գրամանոց քաշով երեխաներին պահել, ինչը նախկինում հնարավոր չէր։ Դա նաև սարքավորումների շնորհիվ է»,-ընդգծել է պարոն Աբրահամյանը։ Հիմա երկու հիմնական խնդիր ունենք երկրում. հղիության անեմիաները, որոնք հանդիպում են վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25 տոկոսի մոտ։ Դրա հետևանքով հղիության զարգացման դանդաղում է լինում, իսկ ծննդաբերության ժամանակ մեծ է արնահոսության հավանականությունը։ Երկրորդ խնդիրը զարգացման բնածին արատներն են։ «Ամբողջ աշխարհում տարեկան 300.000 երեխա է ծնվում արատով, իսկ մեր երկրում 75-80»,-շեշտել է բժիշկը։ Պարոն Աբրահամյանն անդրադարձել է նաև այս օրերին քննարկվող ալյուրի՝ ֆոլաթթվով արհեստական հարստացման հարցին, նշելով, թե բացասական ոչինչ չի տեսնում այստեղ։ «Բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներն էլ հղիներին տալիս են ֆոլաթթու։ Չի խանգարի, որ հացի միջոցով էլ նրանք դա ստանան»,-կարծում է նա։ Պետք է նշել, սակայն, որ շատ երկրներ հրաժարվել են ալյուրի արհեստական հարստացումից, իսկ ԱՄՆ-ում բժիշկներին չի թույլատրվում 1 միլիգրամից ավելի ֆոլաթթու տալ հղիներին, մինչդեռ մեր երկրում սովորաբար 5 միլիգրամ են տալիս։ «Շատ կարևոր է նախածննդյան շրջանում փոքրիկների մոտ հիվանդությունների հայտնաբերումը, և մենք կարևորում ենք նաև բժիշկների հետ աշխատանքը»,-իր հերթին նշել է Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ «Այսօր մեր ինտերնատներում պահվում է 530 հիվանդ երեխա, որոնց խնամքի համար ամեն տարի պետությունը ծախսում է 3 մլն դոլարից ավելի գումար։ Այն, որ այդքան երեխա կա այնտեղ, նաև մեզնից յուրաքանչյուրի մեղավորությունն է»,-շեշտել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի ղեկավար Կարինե Թոխունցը։ Ասոցիացիան ամեն տարի փորձում է արտերկրյա մասնագետների հրավիրել՝ նորույթների յուրացման նպատակով, ինչպես նաև մեր մասնագետներին գործուղում են՝ վերապատրաստման։ Բժշկուհին հայտնել է նաև, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով հունիսի 5-ին և 6-ին հայ բժիշկների համար թրեյնինգ է անցկացնելու հայտնի անգլիացի բժիշկ, պրենատալ ախտորոշման մասնագետ Ֆրեդ Ուշակովը։ Մեր բժիշկների մասնակցությունը վճարովի է լինելու։