Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ֆոտոցուցահանդես՝ Եվրոպայի օրվա առթիվ

Մշակույթ
photoexhibition

Հայկական բնաշխարհն ու մարդկանց պատկերող լուսանկարներ՝ Եվրոպայի օրվա առթիվ։ Միրզոյան գրադարանում այսօր բացվեց «Եվրամիություն-Հայաստան. գործընկերությունից մինչև բարեկամություն» խորագրով ֆոտոցուցահանդեսը։ Ներկայացված են 10-ից ավելի հայ երիտասարդ լուսանկարիչների աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության հրավերով Հայաստանում է լեհ վավերագրող-լուսանկարիչ Մաչեկ Նաբրդալիկին։ Նա օրերս  12 հայ լուսանկարիչների համար վարպետության դասեր է անցկացրել և ծանոթացրել լուսանկարչությամբ պատմություն փոխանցելու արվեստին։ Հենց Մաչեկն է ընտրել երիտասարդների այն գործերը, որոնք պետք է ցուցադրվեին այսօր։ Մասնակիցներից լուսանկարիչ-օպերատոր Գևորգ Գասպարյանն ասում է, որ  իր ներկայացրած ամեն մի նկար առանձին պատմության կտոր է։ «Ներկայացրել եմ աղքատ ապրող ընտանիք. մայրն ու որդին, իրական պատմություն է։ Մյուս նկարում հացթուխ կնոջ եմ պատկերել»,-նշում է նա։ Հարցին, թե կցանկանա՞ր, որ հայ երիտասարդները որևէ բան ընդօրինակեին եվրոպայից, ասում է. «Կարծում եմ՝ սխալ է ընդօրինակելը, ամեն ազգություն ունի իր յուրահատուկ հատկանիշները։ Եթե մեզ համեմատեին գերմանացու հետ, կուզեի, որ մենք ավելի ճշտապահ լինեինք նրանց պես։ Բայց ես ունեցել եմ ընկերներ նույն Գերմանիայից, ովքեր շատ բաներով ուզում էին նմանվել մեզ։ Մենք պետք է մեզ գնահատենք այնպիսին, ինչպիսին կանք»,-շեշտում է Գևորգը։ «Հիմնականում այցելել ենք վայրեր, որտեղ Եվրամիությունը ծրագրեր է իրականացրել և լուսանկարներում տարբեր գյուղեր ենք պատկերել»,-իր հերթին պատմում է 5 տարի լուսանկարչությամբ զբաղվող Բերտա Մարտիրոսյանը։ Ինչո՞ւ են լուսանկարները սև ու սպիտակի մեջ, ասում է՝ գույնով էմոցիա է փոխանցվում, երբ դասական գույների մեջ է նկարը, դիտողը ֆիքսվում է բուն իմաստի վրա։ Իսկ Նիկոլ Կույումջյանը 12 տարի առաջ է Սիրիայից եկել հայրենիք։ Իր կյանքի ընթացքում նա հասցրել է տարբեր աշխատանքներով զբաղվել՝ բիզնեսից մինչև արվեստ։ Առաջին անգամ է հանրությանը ներկայացնում իր հեղինակած լուսանկարները։ «Գյուղական միջավայր է, բնություն, թոնիր։ Ի դեպ, թոնրի կադրը մոտ կես ժամ աշխատանքի արդյունքում է ստացվել իմ ուզածով»,-պատմում է նա։ Նիկոլը հասցրել է իր լուսանկարչական ստուդիան հիմնել. հիմնականում հարսանյաց ու մանկական լուսանկարներ է անում։ Ֆոտոցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 24-ը։