Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներին վտարում են տարածքից. ծանուցագրեր՝ նաեւ մահացածներին (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar3

Հանրային գերակա շահ ճանաչված Տերյան 23,25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին հարկադրաբար վտարում են այդ տարածքից։ Նրանք իրավունք ունեն վաճառել իրենց բնակարանները միայն «Լոքալ Դեվելոփերս» ընկերությանը, որի սեփականատերն է Սամվել Մայրապետյանը։ Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք արդեն ԴԱՀԿ-ից նման բովանդակությամբ ծանուցագրեր են ստանում, ընդ որում այդպիսի ծանուցագրեր ուղարկվում են նաև արդեն վաղուց մահացած բնակիչներին։ Վարդան Գերավետյանի խոսքով՝ իրենք դուրս չեն գալու իրենց բնակարաններից, անգամ եթե պայքարը վերածվի արյունահեղության։ Այս համատեքստում նա նկատում է, որ խնդիրն անուշադրության մատնելու դեպքում նման ճակատագիր է սպառնում նաև քաղաքի մնացած շենքերին՝ Մայրապետյանների կամքով։ «Մայրապետյանն այս ամենը անում է հարկերից խուսափելու համար։ Նա բյուջեից 400.000 դոլար է թաքցրել։ Պետական կառավարման մարմիններն անտարբերության են մատնում մեր ձայնը, նրանք մարդկանց դրդում են ինքնիրավչության, ուստի մենք ամեն կերպ պայքարելու ենք մեր իրավունքների համար»,-հայտարարեց նա ։ Տերյան շենքի մեկ այլ բնակիչ Վարդան Գաբրիելյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք ունեն Սեյսմիկ անվտանգության եզրակացություն, որտեղ հստակ նշված է, որ այդ տարածքի շենքերը գտնվում են բարեկարգ վիճակում, սեյսմակայուն են և վերանորոգման կարիք չունեն։ Վարդան Գաբրիելյանը կատարվածի մեջ մեղադրում է նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, ում թողտվությամբ է կատարվում այս ամենը։ Այս կապակցությամբ նա նշեց. «Եթե Նարեկ Սարգսյանն իրեն վեր է դասում Ալեքսանդր Թամանյանից, ապա ես էլ գեղանկարիչ եմ, ես էլ ինձ վեր եմ դասում Մարտիրոս Սարյանից։ Նարեկ Սարգսյանը քանդեց այս ամբողջ քաղաքը, աղավաղեց դրա պատմական դիմագիծը, և այս բոլոր ապօրինի շինարարությունների վրա աչք փակելով՝ մենք այսօր հասել ենք այս իրավիճակին»։ Ասուլիսին ներկա փաստաբան Մհեր Ասլանյանի տեղեկացմամբ՝գործը գտնվում է դատարանում։ Փաստաբանը արդար դատավարության ակնկալիքներ ունի ։ Նա հույս հայտնեց, որ կկայացվի արդար վճիռ։ Մհեր Ասլանյանի համոզմամբ՝ գործը շահելու համար ունեն համապատասխան փաստեր։