Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զոհված զինվորների ծնողները դժգոհ են դատախազի երեկվա ելույթից» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

«Իրավական պետությունում բարոյական է այն, ինչ բխում է Սահմանադրությունից, օրենքներից» ԱԺ-ն այսօր շարունակեց Գլխավոր դատախազության 2014թ. տարեկան հաշվետվության ներկայացումը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ուշացած մտավ նիստերի դահլիճ, քանի որ, իր խոսքերով, հանդիպել էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Նա նշեց, որ ծնողները դժգոհ են դատախազի երեկվա ելույթից. «Կարծես՝ դուք արդարացնում էինք ոստիկանների ուժ կիրառելը։ Իհարկե, դա կարող էիք հիմնավորել օրենքով, սակայն ոչ մի օրենք չի կարող արդարացնել բարոյականության դեմ քայլերը ու արդարացնել ոստիկանության վայրագ գործողությունները»: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ի պատասխան հայտարարեց, որ չէր ցանկանա, որ որեւէ դատախազ մեր երկրում լինի, որը գործի՝ հաշվի առնելով  հասարակական դրական կամ բացասական կարծիքը, որը չի բխում օրենքից. «Բարոյականությունն էլ սուբյեկտիվ գնահատման չափանիշ է: Իրավական պետությունում բարոյական է այն ամենը, ինչ բխում է Սահմանադրությունից ու օրենքներից»: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր կողմից եւս նշեց, որ արդարացի զայրույթ ներկայացնող կնոջը, բառիս բուն իմաստով, վերցնել ու դիմացի մայթ տեղափոխելը բարոյական չէ. «Միգուցե դիվանագիտություն կամ նմանատիպ այլ մեթոդներ կիրառվեր, այլ ոչ թե մարդուն ֆիզիկապես վերցնել ու տեղափոխել»: Այնուհետեւ նա նշեց, որ, թեեւ դատախազը հրաժարվում է հարցերը քննարկել քաղաքական հարթակից, սակայն պետք է հիշի, որ հիմա երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում է գտնվում՝ ԱԺ-ում, դրա համար ստիպված կլինի քաղաքական հարցեր լսել: Պարոն Ուրիխանյանի բուն հարցը վերաբերում էր  էլեկտրաէներգիայի սակագնին. «ՀԷՑ-ում տեղի ունեցող չարաշահումների մասին է հարցս: Նախարարն ինքը չբացառեց դա ու խոսեց այդ մասին: Կարող ենք դա որպես բաց հաղորդագրություն ընդունել: Դատախազությունն ինչպե՞ս է դրան արձագանքելու»: Դատախազը նախ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ ու քաղաքական ենթատեքստով որեւէ հարցի չի կարող պատասխանել ու չի պատասխանելու. «Դրանց բոլորին կպատասխանեմ իրավական տեսանկյունից: Բաց հաղորդագրության համար ֆորմալ առումով հիմք չունեմ քրեադատավարական ընթացքով միջամտելու»: