Առաջիկա երեք ամիսներին մեր քաղաքը վերածվելու է տիկնիկների շքերթի (տեսանյութ)
Հունիսի 1-ին՝ Տիկնիկային արվեստի գործիչների միության՝ ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները՝ ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ հավաքվելու են Հայաստանում՝ ազդարարելու «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը։ Այն նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանին։ Երթը մեր երկրում կազմակերպվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Երթի նպատակն է առաջ մղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման։ Երթի մեկնարկը հանդիսավոր արարողությամբ տրվելու է Երևանում՝ Հյուսիսային պողոտայի տարածքից՝ ժամը 16.30-ին։ Տեղի են ունենալու մեկշաբաթյա միջոցառումներ, իսկ հունիսի 3-ին հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով մայրաքաղաքի կենտրոնում տնկվելու է աշխարհում միակ խաղաղության ծառը։ Երթը եզրափակվելու է սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը՝ Փարիզում։ Այնտեղ նույնպես մեծ տոնախմբություն է սպասվում։ «Աշխարհի տարբեր երկրների տիկնիկագործների մասնակցությամբ անցկացվելու են նաև կոնֆերանսներ, վարպետության դասեր։ Ընդունելու ենք հռչակագիր»,-հայտնել է ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանը։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հրավեր ուղարկվել է Թուրքիայի համապատասխան կառույցին, նա նշեց, որ ՅՈՒՆԻՄԱ միջազգային կառույցի կողմից բոլորին ուղարկվել է հրավեր, բայց ամենայն հավանականությամբ Թուրքիայից եկող չի լինի։ Թեև այն երկրները, որոնք այստեղ չեն մասնակցի միջոցառմանը, անպայման պետք է իրենց երկրում իրականացնեն նույն խաղաղության երթը։ «Սրանով ուզում ենք դատապարտել բոլոր ոճրագործությունները՝ Ցեղասպանության տարելիցի շրջանակում»,-շեշտել է Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանը։ «Կոչ եմ անում բոլորին՝ փոքրիկներով միանալ այս երթին։ Վստահ եմ, որ այն կլինի շատ հետաքրքիր ու բովանդակալից։ Մարդիկ կարող են գալ սեփական տիկնիկներով»,-իր հերթին նշել է Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանը։