Ուստիան, Քաջ Նազար, Մրոտ. Հյուսիսային պողոտայում մեկնարկեց տիկնիկներով երթը (տեսանյութ)
Տիկնիկների շքերթ՝ Հյուսիսային պողոտայում։ Այսօր մեր երկրում` փողային նվագախմբի ուղեկցությամբ, ազդարարվեց «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը։ Հայաստանյան մարզերից մինչև Կանադա, այդ թվում տասնյակ տիկնիկագործներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։
Տոնախմբությունն իրականանում է ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ։ Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանին, ինչպես նաև՝ կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։
ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանն իր ողջույնի խոսքը հղեց աշխարհի տարբեր ծայրերից եկած հյուրերին։ Նրանց դիմավորում էին աղ ու հացով, որից հետո ՅՈՒՆԻՄԱ-ի տարբեր կենտրոնների ներկայացուցիչները լուսանկարվում էին իրենց երկրի դրոշի ներքո։
Իսկ Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյանն օրհնել է ներկա մանուկներին՝ աղոթք ուղղելով առ Աստված։
«Այսօր շատ գնահատելի օր է ինձ համար։ Մեր մանուկ հասակում մենք այս օրը դիմավորում էինք շատ մեծ ուրախությամբ։ Ասեմ նաև, որ ես պսակվել եմ այս օրը։ Ես ցանկանում եմ, որ մեր երեխաներն այս տիկնիկներով, ուրախ աշխարհում լինեն։ Եվ Աստված թող լուսավորի, իմաստություն տա բոլորիս, որ կարողանանք այս ճամփան ուրախությամբ անցնել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց քահանան։
«Իմ տիկնիկը տղա է, ով մաքրում է ծխնելույզները և պահում է իր ընտանիքը։ Նրա անունը Մրոտ է»,-պատմում է «Երիտասարդ Տավուշ» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։
«Իմ տիկնիկն Ուստիանն է։ Նա կռվարար է, կռվում է Քաջ Նազարի հետ։ Տիկնիկի մեջ ամենից շատ ինձ դուր է գալիս այն, որ նա տունը մաքրում է»,-ասում է Գավառի տիկնիկային թատրոնի ներկայացուցիչ Լյուսի Կարապետյանը։
«Շատ հետաքրքիր միջոցառում է։ Իմ տիկնիկը Քաջ Նազարն է, ով շատ բախտավոր է։ Ինչքան վատ բաներ է անում, նրան ներվում է։ Կան մարդիկ, ովքեր նրա նման են. ոչ մի աշխատանք չեն անում, բայց նրանց բախտը բերում է»,-նշում է տիկնիկների սիրահար Սմբատ Գասպարյանը։
Տիկնիկներով երթը ձգվեց մինչև Կարապի լիճ։
Տեսանյութը՝ ստորև