Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ մասնագիտություն են առավել շատ նախընտրում այս տարվա դիմորդները

Հասարակություն
index11

Միասնական ընդունելության քննություններին այս տարի մասնակցելու է 11.802 դիմորդ, այդ թվում նաեւ՝ ԼՂՀ դիմորդները։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից, միասնական քննություններն անցկացվելու են երկու փուլով։ Առաջին փուլի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը մասնակցելու է 6935 դիմորդ, «Ռուսաց լեզու» քննությանը՝ 785 դիմորդ, «Հայոց պատմություն» 1717, «Անգլերեն» 5199, «Աշխարհագրություն» 333, «Գերմաներեն»՝ 225, «Կենսաբանություն»՝ 1407, «Ֆրանսերեն»՝ 191, «Մաթեմատիկա»՝ 5450, «Իսպաներեն»՝ 13, «Քիմիա»՝ 1114, «Համաշխարհային պատմություն»՝ 135, «Ֆիզիկա» 1863 դիմորդ։ Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» եւ «Համաշխարհային գրականություն» միասնական քննությունների առաջին փուլը։ Ինչպես հայտնեցին ԳԹԿ-ից, աշխարհագրության քննությանը մասնակցել է 319 դիմորդ եւ միջին միավորը եղել է 13.95-ը, կենսաբանության քննությանը մասնակցել է 1356 դիմորդ՝ 12.91, Իսկ «Համաշխարհային պատմություն» քննությանը՝ 129 դիմորդ՝ 13.33 միջին միավորով։ Վաղը տեղի է ունենալու «Հայոց լեզու եւ գրականություն» միասնական քննությունը։ Սակայն ո՞ր մասնագիտություններն են այս տարի պահանջված, իսկ որոնցում դիմորդների պակաս կա, ԳԹԿ-ից այս պահին նախընտրում են չբարձրաձայնել, քանի որ գոյություն ունի միասնական քննությունների երկրորդ փուլ եւ դիմորդները կարող են օգտվել դրանից։ Այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդների թիվը, նախորդ տարվա առաջին փուլի համեմատ, պակաս է 400-ով։ ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը նշեց, որ դեռ չի կարող հստակ ասել, թե դիմորդների թիվը, պակասել է, թե ոչ, քանի որ առջեւում կա նաեւ երկրորդ փուլը եւ դիմորդները հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը կարող են ներկայացնել իրենց դիմումները ։ Այս տարի եւս, նրա խոսքերով, դիմորդների մեծ մասը, մոտավոր տվյալներով, ցանկանում է դառնալ իրավաբան, տնտեսագետ եւ համակարգչային մասնագետ։