Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանին ապատեղեկատվություն են ներկայացնում. Թոքմաջյան

Հասարակություն
timthumb.php_

Երեւանի ճարտարագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ չէր կարող չհրապարակել տեսանյութը, քանի որ հարցը վերաբերում էր իր եւ բուհի անվանը: Իսկ տեսանյութում պատկերված անձանց աշխատանքից հեռացնելը նա կոչ արեց չկապել այս դեպքի հետ. «Վահեն ազատվել է աշխատանքից, քանի որ գումարներ է տեղափոխել այլ կազմակերպություն, Վլադիմիրը ազատվել է պարտականությունները չկատարելու համար, իսկ Աշոտ Խաչատրյանը դուրս է մնացել համալսարանից կրճատման արդյունքում»,- նշեց նա։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք այս սկանդալը չի համարում իշխանությունից որեւէ մեկի ձեռքի գործ եւ չի՞ վախենում արդյոք, որ իշխանությունը կհասնի իր նպատակին, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Ես վստահել եմ մեր իշխանությանը ու շարունակելու եմ վստահել՝ չլինելով կուսակցական, կարծում եմ, որ որեւէ իշխանական տաբուի հարց այստեղ չկա, կա ընդամենը անբարոյական շահարկում»: Պարոն Թոքմաջանը այնուհետեւ հայտարարեց, որ նա արդեն հաղթել է՝ անկախ ռեկտորի առաջիկա ընտրությունների արդյունքներից. «Խորհրդում 32 մարդ կա՝ նրանք են ընտրելու ռեկտորին՝ իրավական առումով, բայց բարոյական տեսանկյունից ընտրողը ժողովուրդն է, մեր կոլեկտիվն է, եւ այդ տեսանկյունից ես հաղթել եմ»։ «Ա1+»-ի հարցին՝ իսկ ի՞նչ կանեք, եթե այնուամենայնիվ չհաղթեք, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Մենք կոլեկտիվի հետ միասին շարունակելու են ոտքի կանգնեցնել պոլիտեխնիկը, մենք արդեն հաղթել ենք, քանի որ ոչ ոք այլեւս չի կարող դոկտորին ստորացնել, ոչ ոք չի կարող դոկտորի վրա գոռալ: Ասելով, որ հաղթել եմ՝ ես դա նկատի ունեմ»: Իսկ թե որքան ձայն կհավաքի՝ հարցին Հովհաննես Թոքմաջյանը ծիծաղով պատասխանեց. «Այնքան, ինչքան անհրաժեշտ է»: Թոքմաջյանը իր խոսքում հայտարարել էր, որ համաձայն է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերի հետ, ով հիշեցնենք, որ հայտարարել էր, թե բուհում կրթական մթնոլորտ չի տիրում: Պարզաբանելով իր համաձայնությունը, նա ասաց. «Պաշտոնյայի բառերը պետք է հենց բառացի հասկանալ, նա ասել է՝ պետք է վերականգնեն կրթական մթնոլորտը, ասում եմ այո՝ պետք է վերականգնել: Մեր բուհում պետք է գործ չունենան Խոյեցյանները, Կիրակոսյանները, Խաչատրյանները, երբ նրանց դուրս շպրտենք, ամեն ինչ լավ կլինի»: Խոսելով իր եւ ԿԳ նախարարի տարաձայնությունների մասին, բուհի ժամանակավոր պաշտոնակատարը ասաց. «Աշոտյանը իմ ընկերն է եղել, բայց նա լավ ինֆորմացված չէ, նա իր մարդկանց ունի համալսարանում, բայց նրանք ապատեղեկատվություն են ներկայացնում։ Ես համոզված եմ, որ նա ամեն ինչին ճիշտ գնահատական կտա եւ կուզենայի, որ նա օբյեկտիվ լիներ»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ նա ոչ մի սանտիմետր չի զիջելու: