«Իշխանությունն սկսել է իր անհեռատես սակարկումները. ոչ մի լումա ավել»
Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլեկտրաէներգիայի սակագնի չափի մասին՝ փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և համաժողովրդական ընդվզումից ընկրկած՝ սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, որ մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն և կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավել և վերանայել ներկա սակագինը՝ իջեցման նպատակով: Ու նորից ենք հիշեցնում ՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սարգսյան Սերժի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք՝ օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների։ ՀՀ մարզերի հարգելի բնակիչներ, կոչ ենք անում մինչև հունիսի 19-ը գալ Երևան, որպեսզի հունիսի 19-ին միասնական ուժով հասնենք մեր իրավունքի իրացմանը։ Բոլորիդ սպասում ենք Ազատության հրապարակում։ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն