3,4 միլիոն եվրո՝ կոոպերատիվներ ստեղծելու համար (տեսանյութ)
2015թ-ի հունվարից Հայաստանում իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագիրը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը իր ելույթում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի աջակցելու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, արդեն իսկ գործող կոոպերատիվների հզորացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը , վերամշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների արդիականացմանը , գյուղատնտեսական փորձի և աղետների ռիսկերի նվազեցման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև ընդլայնելու տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ «Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող և գյուղական համայնքներում գրանցված, բնակվող և գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ հիմնադիր 5 անդամներից»,- տեղեկացնում է Ջոն Բարքերը, ի հավելումն նշելով նաև, որ այդ խմբերը պետք է ունենան նաև բիզնես ուղղվածություն։ Խմբերը կարող են լինել ինչպես գրանցված կոոպերատիվներ , այնպես էլ չգրանցված՝ նոր ստեղծվող խումբ։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, կոտայքի և Վայոց Ձորի մարզերում։ Ջոն Բարքերի փոխանցմամբ՝ ծրագրի պիլոտային մեկնարկը տրվել է Լոռու մարզում։ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի փոխացմամբ էլ՝ նախապատվությունը տրվելու է մրգի, բանջարեղենի, հատապտղի , հացահատիկի և ընդեղենի, կաթնամթերքի, ինչպես նաև գյուղմթերքների արտադրության և վերամշակման ոլորտներում նորարական գաղափարներ առաջարկող խմբերին։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Փոխնախարարը կոնկրետ թիվ չնշեց, թե քանի հոգի է արդեն օգտվել ծրագրից,սակայն ասաց, որ հայտադիմումների ժամկետը չի սահմանափակվելու նորարական լավագույն գաղափարներ առաջարկող դիմորդ խմբերի համար։ Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվել է 26 միլիոն եվրո, որից 3,4 միլիոն եվրոն նախատեսված է ENPARD ծրագիրը իրագործելու ՝ կոոպերատիվների ստեղծման և զարգացման համար։ Այն իրականացվում է ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։