Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր չէր արտագրել, հուշել կամ միմյանց հետ խոսել» (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar3

Այսօր վաղ առավոտից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում մեկնարկել էր անգլերեն լեզվի գրավոր քննությունը։ Բազմաթիվ ծնողներ դպրոցի բակում հավաքված անհանգիստ սպասում էին իրենց դիմորդներին։ Ծնողները հավաստիացնում են, որ քննությունն ընթանում է շատ հանգիստ և առանց միջադեպերի՝ մոնիտորների միջոցով են հետևում դրա ընթացքին։ Հարությունյան Ալինան «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ տղան պատրաստվում է ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, նախորդ քննություններն էլ լավ է հանձնել։ «Հույս ունեմ, որ առնվազն 14-15 միավոր կհավաքի՝ այդքան պարապել է։ Ոնց էլ լինի, բնականաբար, բոլորի մոտ էլ անհանգստությունը կա, հուզված են լինում, բայց ակնկալում ենք, որ գոնե մի քիչ ինքնավստահ կլինի, կկենտրոնանա ու կկարողան հարցերին ճիշտ պատասխանել, ամեն դեպքում՝ ով ինչ գիտի, էդքան էլ կգրի ու իր գիտելիքների իմացության չափով էլ կստանա։ Մոնիտորների միջոցով մի քանի րոպե նայել եմ, թե ինչ է ներսում կատարվում և կարող եմ ասել, որ բավականին հանգիստ էր ամեն ինչ, ես ինչ-որ խախտում չեմ նկատել, խանգարող որևէ բան չկա, որ երեխաների ուշադրությունը շեղի, կամ անարդարություններ լինեն, ամեն ինչ նորմալ է»,-նշում է տիկին Ալինան։ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Հասմիկ Ղարիբյանը քննասենյակից դուրս եկավ շատ ուրախ։ Ասում է ՝ բոլոր հարցերին պատասխանել է։ «Բավականին հեշտ էր, առկա էին և ընտրովի և կարճ պատասխաններ, ակնկալում եմ, որ 17 կամ նույնիսկ ավելի բարձր կստանամ ։ Ճիշտ է շատ հուզված էի , անհանգստանում էի, բայց դա ինձ չխանգարեց, որ իմ թեստը ճիշտ լրացնեմ»,-իր տպավորություններով կիսվեց Հասմիկ Ղարիբյանը։ Վերջինիս խոսքով՝ քննասենյակում հնարավոր չէր արտագրել, հուշել կամ միմյանց հետ խոսել, ամեն ինչ վերահսկվում էր, բայց ընդհանուր առմամբ հանգիստ էր ամեն ինչ, որևէ կոպիտ վերաբերմունք կամ կողմնապահություն դիմորդների նկատմամբ չի եղել։