Կրթական միջոցառումները չպետք է անցկացվեն Բաքվում. նամակ՝ միջազգային կառույցներին (տեսանյութ)
«Բաքուն մեզ համապատասխան անվտանգության երաշխիքներ այդպես էլ չտրամադրեց, և մենք չենք կարող մեր երեխաներին թողնել, որ այնտեղ հանդես գան»,-այսօր ԿԳՆ հայտարարությունը մանրամասնեց նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը դպրոցականների քիմիայի օլիմպիադան շաղկապում է Եվրոպական խաղերի հետ։ Բաքվից նշել են, թե միայն մարզական խաղերի ավարտից հետո կարող են զբաղվել աշակերտական օլիմպիադայի հարցով։ «Տեսանք, թե Բաքվում ինչ եղավ ավստրիացի մարզուհիների հետ. նրանց վրաերթի ենթարկեց հսկա ավտոբուսը։ Այն, որ մեր աշակերտներին անվտանգության երաշխիքներ չեն տրամադրում, կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ է նշանակում»,-ասաց պարոն Աշոտյանը։ Իսկ մեր մարզիկների դեպքում կարծում է, որ այդ երկիրը չէր կարող անվտանգությունը չապահովել, քանի որ մեծամասշտաբ միջոցառում է, ամբողջ աշխարհի, միջազգային մամուլի ուշադրությունն է սևեռված այդ իրադարձության վրա և ավելորդ սկանդալներից փորձում են խուսափել։ Հիշեցնենք, որ այս օլիմպիադային աշակերտներին Բաքու էր ուղեկցելու անձամբ նախարարը։ Սակայն չմեկնելու որոշումը վերջնական է։ Ավելին, նախարարությունը նամակներ է ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպություններին՝ հորդորելով միջազգային մասշտաբի կրթական միջոցառումներ, որոնց նաև Հայաստանը պետք է մասնակցի, այլևս թույլ չտալ կազմակերպելու Բաքվում։