Ձեռնարկատերերը կթու կով՝ Կառավարության համար (տեսանյութ)
«Այսօր ոսկու շուկաներում առևտուրը ահավոր վիճակում է գտնվում, ուղղակի սարսափելի։ Մարդիկ օրերով ու շաբաթներով բան չեն ծախում, մարդիկ էլ կան, ովքեր նույնիսկ լոմ են ծախում, որպեսզի օրվա ապրուստը հոգան»,-նշում է «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ընդունած «Շրջանառության հարկի մասին» օրենքին։ Բանախոսը շեշտում է, որ արժանահավատ չեն կառավարության այն հայտարարությունները, թե իբրև սույն օրենքն ընդունելուց առաջ քննարկումներ են կազմակերպել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ։ «Օրենքը բերել ու փաթաթում են մարդկանց վզին։ Կառավարությունը քննարկումներ ասելով ՝ երևի դա է հասկանում։ Այդ 3,5 % շրջանառության հարկով հնարավոր չէ աշխատել, փաստաթղթաշրջանառության այդ ամբողջ գործընթացն իրականացնելու համար ահռելի գումարներ են անհրաժեշտ, բացի այդ էլ դա որոշակի հաշվապահական գործողություններ է պահանջում, որոնց ձեռնարկատերերը չեն տիրապետում։ Շուկայում իրենց սեղանիկների պահելու համար իրենց գրպանից փող են ներդնում, որպեսզի այդ տեղը չկորցնեն ՝ հուսալով, որ գոնե վաղն առևտուր կլինի, վիճակը կլավանա, բայց էս կառավարությունը դա չի հասկանում, ուզում ա , որ իրենց էլ փող տան։ Ի՞նչ ա էս մարդիկ կթու կով են, ինչ են, որ ամեն տեղ փող բաժանեն։ Սենց չի կարելի»,-շեշտեց պարոն Ասլանյանը։ Վերջինս առաջարկում է, որպեսզի շրջանառության հարկի այդ 3,5 %-ի փոխարեն գանձվի 1% ՝ առանց փաստաթղթաշրջանառության և ՀԴՄ-ների պարտադիր առկայությամբ։ «Եթե մենք 3,5 միլիոն շրջանառություն չունենանք, ապա Կառավարությունը իր գրպանից փող կդնի, որ էս մարդիկ կարողանան ապրանք առնել, որ իրենց շրջանառությունն էլ հասնի 3.5 միլիոնի։ Այդ ամսական պարտադիր 35.000 դրամը, որ մենք պետք է մուծենք,եթե առևտուր չկա ոնց մուծենք,զրոյական է։ Եվ կառավարությունը բերում այսպիսի թվեր է ներկայացնում, թե ամեն ինչ անում են ձեռնարկատերերի օգտին ՝ սին է»,-ասաց նա։ Անհատ ձեռներեց Արթուր Պողոսյանի խոսքերով՝ այսօր շուկան գտնվում է կոլափսային վիճակում, մի քանի օրվա ընթացքում կարող է վաճառվել լավագույն դեպքում երեք կտոր ապրանք։ «Մեզ մոտ այս շուկան մենաշնորհ չի, մրցակցությունը շատ բարձր է ։ Այդպիսի պայմաններում մարդիկ իրենց հոգսը հոգալու համար հաճախ ստիպված են լինում ինքնարժեքով վաճառել, եկամտի մասին խոսք չկա։ Շատերը վարկեր են վերցրել, բայց ապրանքը մնացել ա չի վաճառվում»,- ասում է նա։ Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, և հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ-ները։