Հրկիզել են ավտոտնակն ու ավտոմեքենան. 21 ամյա երիտասարդ է մահացել
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: 2015թ. հունիսի 16-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի՝ դեմքին պատռած վերքերով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015թ. հունիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանված, Ա.Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան։ Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 1994թ. ծնված Գ.Թումոյանը: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև թիվ 60 շենքի մուտքի ընդհանուր օգտագործման, ինչպես նաև՝ բնակարանների ապակիները։ Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, անզգուշությամբ առաջացրել մարդու մահ): Նախաքննության ընթացքում նշանակվել են դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատանյութագիտական, դատաքրեագիտական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, ինչպես նաև կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին