Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստագետն ազատ մարդն է. Մանսուրյան (տեսանյութ)

Հասարակություն
Mansuryan-2

Այսօր Տիգրան Մանսուրյանի հերթական հանդիպումն էր երիտասարդների հետ՝ կազմակերպված Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից։ Հանդիպումն անցավ ջերմ ու երաժշտաշատ մթնոլորտում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ «Ա1+»-ի այն հարցին, թե արվեստագետը պե՞տք է պարտադիր ընդդիմադիր լինի իր քաղաքական ու հասարակական հայացքներում, նա նշեց. «Եթե դա ընդունենք որպես վերջնական աքսիոմա, համաձայն չեմ։ Ուրիշ բան, որ դու մշտապես անկախ ես։ Դա մեծագույն բան է, որը ես ոչ ոքի չեմ տա։ Արվեստագետն ազատ մարդն է»։ Իսկ ի՞նչ է մտածում կոմպոզիտորն այս օրերին երիտասարդության կողմից տարվող պայքարի մասին. «Ես սիրում եմ մեր երիտասարդությանը։ Իսկ այս հարցում կարծում եմ, որ փաստարկները համարժեք չեն։ Մենք գիտենք հստակ, թե ինչ է պահանջում ժողովուրդը, բայց չգիտենք, թե մյուս կողմն ինչ է ասում։ Այս հարցը պետք է քննարկվի։ Եթե այնպես չի քննարկվում, որ բոլորին հասանելի դառնա, ուրեմն ինչ որ բան լավ չի արված»։ Ժողովրդական արտիստը քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում երկրում, քաղաքական համակարգում, բայց շեշտում է. «Ես ապրում եմ կարծես մի ուրիշ տեղ։ Բայց այսքան քննադատությունների մեջ եթե ես էլ ասեմ իմ հերթին, ի՞նչ եմ ավելացնելու դրանով։ Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի մեջ ենք, զարհուրելի վիճակում։ Ու եթե այս ամենով հանդերձ մարդիկ ձգտում են լավ կրթություն ստանալ, ինչ որ գործ անել, դա լավ է»։ Կոմպոզիտորը նաև շեշտեց. «Ես Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն եմ եղել այն ժամանակ։ Քանի որ մենք այլախոհների ընտանիք էինք, ես պետք է որ իրենց կողքին լինեի հետո էլ, բայց հասկացա, որ բաներ կան, որ ամենևին էլ միանշանակ չեն»։ Մանրամասները` տեսանյութում քիչ անց: