Ոստիկանությունը այլընտրանքային ուղի է առաջարկում
ՀՀ ոստիկանության հայտարարությունը
Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին: Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է:
Հայտարարություն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցակցմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար: Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով: Բացի այդ, ինպես նշված, այնպես էլ Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ ենք տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով:Ճանապարհային ոստիկանություն