Ի՞նչ պետք է անի լրագրողը, երբ բռնության վտանգ կա
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է, որ լրագրողների աշխատանքն ամենավտանգավորներից է աշխարհում։ Ըստ փորձագետի ուսումնասիրությունների՝ Հայաստանում հաճախ են իրավապահ մարմինների ներկայացուցիչները ծեծի ենթարկում լրագրողներին։ «Ցավոք, այն պետական մարմինները, մասնավորապես ուժային և իրավապահ մարմինները, որոնք պետք է ապահովեն լրագրողի գործունեության անվտանգությունը, հենց իրենք են դառնում վտանգի աղբյուր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է պարոն Մելիքյանը։ Ըստ մասնագետի՝ լրագրողների նկատմամբ զանգվածային բռնության վերջին դեպքը ոչնչով չէր զիջում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ հետապնդումների ծավալներին։ Պարոն Մելիքյանը համոզված է, որ տարբերանշանների բացակայությունը հունիսի 23-ին ոստիկանության կողմից բռնությունների միակ պատճառը չէր կարող լինել։ «Կարծում եմ, որ նույնիսկ դրանց բացակայությունը նրանց կարողացել է օգնել ազատվել հետապնդումներից։ Ոստիկանները, տեսնելով, որ գործ ունեն լրագրողի հետ կամ լրագրողը ինքը ներկայանալով կոնկրետ լրատվամիջոցից, կամ ներկայացնելով իր վկայականը, այդ օրը չէր կարողանում պաշտպանություն ստանալ»։ Հունիսի 23-ի դեպքերին միջազգային կազմակերպությունների կոշտ արձագանքը պարոն Մելիքյանը բնական ու արդարացի է համարում. «Սակայն դրանք ընդամենը միջազգային կառույցների զեկույցներ են։ Հայաստանում ազատ խոսքի պաշտպանությունը ոչ թե այդ կազմակերպությունների խնդիրն է կամ նրանց է անհրաժեշտ, այլ հենց մեր պետությանը»։ Իսկ ի՞նչ պետք է անի լրագրողը, երբ բռնության իրական վտանգ կա։ Պետք է շարունակի՞ իր աշխատանքը, թե՞ պետք է հեռանա տարածքից։ Պարոն Մելիքյանը սա համարում է լրագրողի անհատական ընտրությունը. «Ես միշտ կոչ եմ անում դիմակայել դժվարություններին ու պրոֆեսիոնալ պարտքը կատարել։ Բայց պետք է մյուս կողմից հասկանալ, որ լրագրողը մարդ է, որ իր զգացմունքներն ունի, մտավախությունն ունի կյանքի ու առողջության վերաբերյալ, ոչինչ կյանքից թանկ չէ։ Լրագրողն ինքը պետք է կոնկրետ իրավիճակը գնահատի»։