Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեթ Հարթը Հայաստանում հրաժարվել է թիկնապահներից (տեսանյութ)

Մշակույթ
beth

Հայաստանում է ամերիկյան բլյուզ–ռոքի հայտնիներից Բեթ Հարթը, ով հուլիսի 3-ին իր բացառիկ համերգով հանդես կգա Երեւանում։ Համերգը տեղի է ունենում Բեթ Հարթի նոր ձայնասկավառակի համաշխարհային շրջագայության շրջանակում։ One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը, ով համերգի կազմակերպիչն է, խոսելով Բեթ Հարթի մասին, ասաց. «Տաղանդավոր մարդիկ աստղային հիվանդությամբ չեն տառապում։ Անգամ ասել է, որ իրեն չտրամադրենք անվտանգության աշխատակիցներ»։ Թեեւ Բեթը դեռ չի հասցրել Հայաստանում շրջել, բայց նշեց, որ տպավորված է եւ, որ Հայաստանը հիանալի երկիր է. «Շատ ուրախ էի, երբ ինձ ասացին, որ պետք է Հայաստան գամ։ Հայկական երաժշտությանը ծանոթ չեմ, բայց ցանկացած շփում տալիս է հնարավորություն՝ ծանոթանալու այլ երկրների մշակույթին»։ Իսկ թե որ կատարումները կկատարի համերգին, Բեթ Հարթը դեռ չի որոշել. «Ես սովոր եմ ամեն ինչ տեղում անել, ոգեշնչման վրա է հիմնված։ Մինչեւ տեղ չհասնեմ ու չտեսնեմ, թե ինչպիսի կատարումներ են այստեղ սիրում, չեմ կարող ծրագիր կազմել։ Նախ ինձ պետք է իմանալ, թե հայերը ինչ կատարումներ են նախընտրում եւ դրանք էլ կաշխատեմ կատարել համերգին»։ Բեթը նշեց նաեւ, որ իր երաժշտությունը քաղաքական բնույթի չէ, այն իր իսկ պայքարի մասին է։ Բեթ Հարթը եւս տեղյակ է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող ակցիաների մասին, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին չխոսեց։ Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բացօթյա համերգ այստեղ եւս լինի՝ակցիայի մասնակիցների համար, One Production ընկերության գործադիր տնօրենը պատասխանեց. «Ես շատ կուզեի հնարավորություն ունենալ նման բացօթյա համերգներ կազմակերպել, տոմս չվաճառեի, սակայն դա ֆինանսական կարողություններ է պահանջում, իսկ սա բիզնես է»։ Նշենք նաեւ, որ Թբիլիսիում Բեթ Հարթը եւս պատրաստվում է համերգի եւ One Production–ի գործադիր տնօրենի կարծիքով այնտեղ ավելի շատ մարդիկ կհավաքվեն, քանի որ բացօթյա է եւ տոմսերն ավելի էժան են. «Հուսով ենք, որ այստեղ համերգը չի տուժի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարից, ինչպես նաեւ հուլիսի 3-ին Թբիլիսիում հանդես կգա Զեմֆիրան, եւ Հայաստանից շատերն են մեկնել մասնակցելու այնտեղի համերգին, սա եւս պատճառ դարձավ, որ գուցե եւ շատերը չմասնակցեն Բեթ Հարթի համերգին։ Մենք 50 տոկոս զեղչ ենք արել Բեթի տոմսերը, հուսամ դահլիճը լեցուն կլինի»,–ասաց Վարդուհի Դավթյանը, ով համոզված է, որ հուլիսի երեքը հայ երաժշտասերների համար կարմիր օղակով կանցնի։ Ասուլիսից հետո Բեթը մի կարճ կատարում նվիրեց մեզ bath