Աշխարհի լավագույն բալետային թատրոնների հայ պարողները հանդես կգան Երևանում (տեսանյութ)
Հուլիսի 9-ին և 10-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա է. ներկայացվելու է «Արշիլ Գորկի» բալետային ներկայացումը։ Աշխարհի լավագույն բեմերում պարող հայ երիտասարդները կներկայանան հարազատ թատրոնում՝ 2006 թվականին ստեղծված «Հզոր զգացմունքներ» պարային խմբի շրջանակում։ «Սա առաջին պրոֆեսիոնալ, հայկական շրջիկ խումբն է։ Այս երիտասարդները կարծես մշակութային դեսպաններ լինեն։ Նրանք ներկայացնում են հայ ազգին, նրա ոգին»,-շեշտեց «Բարեկամություն» համույթի արտաքին կապերի պատասխանատու Քրիստինե Ոսկերչյանը։ Երիտասարդների հետ հանդես կգա վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» պետական անսամբլը։ Բալետային ներկայացումը տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում։ Բեմադրությունը կատարել է Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար Արսեն Մեհրաբյանը. «Ներկայացնելու ենք Գորկու կյանքի վերջին շրջանը. տրագիկ տարիները։ Ինչպես գիտենք, նա ինքնասպանության փորձ է արել, կինն է հեռացել, արվեստանոցն է այրվել։ Ուրախ եմ, որ հնարավորություն ստացանք ցուցադրելու այս ներկայացումը Հայաստանում»։ «Պարարվեստի դպրոցից հետո դժվարանում է կյանքը Հայաստանում։ Ուրախ եմ, որ բալետի սովետական դպրոցում եմ սովորել, բայց դրսում շատ ես աճում»,-իր հերթին նշեց այժմ Մյունխենի պետական բալետում որպես մենապարող հանդես եկող Տիգրան Միքայելյանը։ Հարցին, թե ի՞նչ տվեց արտերկրյա կարիերան, նա շեշտեց. «Հնարավորություն ստացանք աշխատելու բալետային հսկաների հետ»։ Իսկ ի՞նչն է խոչընդոտում հայաստանյան բալետի զարգացմանը. «Չունենք խաղացանկ։ Իհարկե, կան տաղանդավոր երիտասարդներ, բայց չկա հնարավորություն՝ աշխատելու տարբեր խորեոգրաֆների հետ»,-ասաց Արսենը։ Երիտասարդները խոստանում են ներկայացման օրը հանդիսատեսին տալ խմբի անվանը համահունչ՝ հզոր զգացմունքներ։ Տոմսերի արժեքը 2000-7000 դրամ է։ Իրենց կարիերան նրանք հայրենիքում չեն պատկերացնում այլևս։ Քանի որ արդեն 30-ը բոլորել են, իսկ բալետային պարողի կարիերան շատ երկար չէ, ևս 5, 7 տարի կարող են լինել բեմում, իսկ հայաստանյան պայմաններում դա չեն պատկերացնում։ Բայց Forceful feelings-ի հետ ելույթներն աշխարհի տարբեր երկրներում և առաջին հերթին հայրենիքում շարունակական են լինելու։