Երիտասարդները մատ արեցին բոլորիս. նրանք դուրս են եկել գաղութարարների դեմ (տեսանյութ)
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի ցանկանում գնահատական տալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երիտասարդության ծավալած շարժմանը. «Սակայն ճիշտ չեմ համարում, որ հատկապես քաղաքական ուժերը փորձում են որակումներ տալ նրանց գործողություններին: Պետք է ընդունել, որ այդ երիտասարդները մատ արեցին բոլորիս: Ինձ համար անսպասելի էր առաջացած շարժումը, ես ուղղակի կոչ եմ անում երբեք չխոսել ու չփորձել գնահատել, թե այս շարժումն այսպես կամ այնպես պետք է արվեր»,- նշում է իրավապաշտպանը: Պարոն Իշխանյանը համարում է, որ ծավալված շարժումը մի կարևոր բան ևս ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ, և երիտասարդությունը կարող է ցանկացած մարտահրավերի պատասխան տալ: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի պնդմամբ՝ թանկացման դեմ ծավալված շարժումը մի թեսթ էր, հայրերի և որդիների պայքարի մի մաս, ու երիտասարդները պատվով դուրս եկան. «Մենք մի տեսակ մեծամտացել էինք, բայց հաճելիորեն հիացած եմ»,- նշում է պարոն Արշակյանը: Ավետիք Իշխանյանի համոզմամբ շփոթմունք կար երիտասարդերի շրջանում, երբ նրանք խուսափում էին «քաղաքական» եզրույթից ու չէին ցանկանում պայքարը քաղաքականացնել: Անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանների իրականացրած գործողություններին՝ իրավապաշտպանն այն վայրենություն է համարում: «Եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պետք է ընդամենը ապահովի դրա անվտանգությունը. բերման ենթարկեցին քաղաքացիներին, նրանց պահեցին երեք ժամից ավելի, ինչը օրենքի կոպտագույն խախտում է: Ամսի 23-ի գործողությունները լի էին անօրինականություններով»: Ըստ իրավապաշտպանի ունեցած տվյալների՝ հուլիսի 6-ի ոստիկանական գործողությունները ևս աչքի են ընկել բռնություններով. «Մեզ հայտնի են ոստիկանական բաժանմունքներում բռնությունների բազմաթիվ դեպքեր»: Ազատ Արշակյանի պնդմամբ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն անօրինականությունների դիմած ոստիկանները. «Կուզեի տեսնել, որ այս ոստիկանը պատժվել է հենց այս արարքի համար»: Ազատ Արշակյանը գտնում է, որ բողոքող քաղաքացիները պահանջ պետք է ներկայացնեն նաև հայկական այն կազմակերպություններին, որոնք պետք է վերահսկեին ՀԷՑ-ի գործունեությունը: Ըստ նրա՝ խնդիրը լուծվել է, բայց քանի որ նրանք երիտասարդներ են, պնդում են իրենց պահանջները: Ավետիք Իշխանյանը նշում է. «Այդ երիտասարդները դուրս են եկել գաղութարարների դեմ և պայքարում են գաղութային համակարգի դեմ: Սա կուտակված բողոք էր երիտասարդների մեջ, որը արտահայտվեց ՀԷՑ-ի խնդրի դեպքում: Երիտասարդները հաջողության կհասնեն, եթե աջակցություն լինի հասարակության կողմից»: «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք կարող է արդյունավետ լինել Ազատության հրապարակում հացադուլի անցկացումը և պայքարի այդ մեթոդի կիրառումը, իրավապաշտպան Իշխանյանը հիշում է պատմության մեջ հացադուլի մի քանի հաջողված օրինակ: «Մի բան կարող եմ հաստատ ասել. Եթե դիմում ես հացադուլի, ապա պետք է այն դադարեցնես այն դեպքում, երբ հասնում ես պահանջիդ կատարմանը, հակառակ դեպքում սխալ եմ համարում դա սկսել»: