«Ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, որ պետք է այդ դեղն ընդունեն» (տեսանյութ)
Օրեր առաջ Երևանում կայացած բժիշկների միջազգային համաժողովում քննարկվել է ալյուրի՝ ֆոլաթթվով հարստացման հարցը։ Մի շարք ՀԿ-ներ լքել են դահլիճը՝ այդպես էլ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Ներկա է եղել նաև ռուսաստանաբնակ պրոֆեսոր Տուտելյանը։ «Նա 180 տոկոսով փոխված ձևով խոսեց։ Իսկ երբ դեռ չէր եկել, մենք նամակ էինք ուղարկել իրեն, որին ի պատասխան նա նշել էր ալյուրի հարստացման վտանգավորության մասին»,-պատմեց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը։ Ասում է՝ Գիտությունների ազգային ակադեմիան չունի համապատասխան մասնագետներ, որոնք կարող են ուսումնասիրել ֆոլաթթվով ալյուրի հարստացման լավ ու վատ կողմերը. «Բայց բժիշկները վստահ են, որ դա վնաս է»։ Մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանն իր հերթին նշեց, որ սակավարյուն մարդկանց, նաև հղիների դեպքում խնդիրը լուծում են դեղամիջոցներով։ «Այստեղ ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, որ պետք է այդ դեղն ընդունեն։ Ես դեմ եմ այն բանին, որ սա լինի համատարած»։ Բժիշկն ուսումնասիրություն է կատարել նորածինների շրջանում և պարզել, որ նրանց մեծ մասը ծնվում է թերքաշ։ «Դա թերսնուցման պատճառ է, որի ուղղությամբ պետք է աշխատել, ոչ թե ալյուրը հարստացնել։ Ֆոլաթթուն քաղցկեղածին է։ Սա հակամարդկային, հակաաստվածային քայլ է»,-շեշտեց պարոն Գսպոյանը։ Իսկ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտնեց, որ մարզերի երեխաներին արդեն 5 տարի է՝ արհեստականորեն հարստացված այս ալյուրով սնունդ են տալիս։ «Այս հարցով դիմել են դատախազությունը, որ գործ հարուցվի։ Չնայած պատասխանատուներն ասում են, ինչ լինի, այս ծրագիրը համատարած անպայման անելու են»,-շեշտեց նա։