Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն երգին՝ ձեռքով նկարված մի նկար. ժամանակակից թվային շտեմարան (տեսանյութ)

Հասարակություն
Marine-nkar

Հայկական ազգային երաժշտությունը պահպանելու համար «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվել է նոր նախագիծ, որը կրում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» անվանումը։ Նպատակներից են ձայնագրել եւ վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական եւ եկեղեցական երաժշտությունը, պահպանել ու սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը, վերականգնել նոտային գրականությունը եւ տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը, ներկայացնել հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունն արտերկրում։ Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ ազգության ինքնության մասին խոսելով ի հայտ են գալիս կարեւոր բաղադրյալները՝ լեզուն, կրոնը, մշակույթը. «Լեզուն թողնենք լեզվաբաններին, կրոնը՝ հոգեւորականներին։ Վերցնենք մշակույթը, որի զգալի մասն է կազմում երաժշտությունը։ Երբեւիցե փորձե՞լ եք որոնել հայկական երաժշտություն արտահայտությունը։ Ցավոք, արդյունքն այնքան էլ համոզիչ չէ մեզ համար։ Գալիս է երաժշտություն, որը հայերեն է, բայց հայկական չէ։ Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, ով ցանկանում է պահպանել մշակութային արժեքները։ Հասկացանք, որ պետք է ստեղծել հատուկ նախագիծ, որը կզբաղվի մշակույթի պահպանման խնդիրներով»,–ասաց Արմեն Մարտիրոսյանը։ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի առաջին ծրագիրը կոչվեց «Հայկական երաժշտական գանձարան»։ Արմեն Մարտիրոսյանը պատմում է, որ հանդիպեց կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, ընտրեցին կոմիտասյան չափանիշներով ամենացայտուն, բուն հայկական երգերն ու նվագները, հոգեւոր երաժշտության նմուշները, տաղերը, շարականները՝թվով հինգ հարյուրից ավելի, որոնք բուն հայկական են։ Եւ այս ժառանգությունը տեղադրեցին վեբկայքում։ Ամեն երգին կցված է ձեռքով նկարված մի նկար։ Նկարիչը ստանում էր երգը, նկարագիրը այդ երգի մասին, ոգեշնչվում եւ պատկերում էր այդ երգը։ Ստացվում է, որ երաժշտությունը այդ պատկերի հետ միասին է, այսինքն՝առարկայացված է։ Armenianmusic.am կայքում հնարավոր է գտնել ցանկացած ներբեռնված երաժշտության մասին տեղեկատվություն։ Կայքը պարունակում է ե՛ւ տեսողական, ե՛ւ գրավոր տեղեկատվություն։ Մարդիկ կարող են լսել երաժշտությունը, ծանոթանալ պատմության հետ։ Այսինքն՝ստեղծվում է ժամանակակից թվային շտեմարան։