Lրատվամիջոցի աղբյուրի բացահայտումից կտուժի հասարակությունը. Արա Ղազարյան (տեսանյութ)
«Հրապարակ» օրաթերթի եւ «ilur.am» կայքի նկատմամբ քրեական գործի հետագա ընթացքը կարող է լրատվական դաշտում սառեցնող ազդեցություն ունենալ՝ կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նրա համոզմամբ՝ լրատվամիջոցի աղբյուրի բացահայտումից կտուժի հասարակությունը. «Լրատվամիջոցների բոլոր աղբյուրները կլռեն ու կտուժի հանրությունը, քանի որ կզրկվի տեղեկություն ստանալու իր իրավունքից»: Հիշեցնենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, այդ երկու լրատվամիջոցները պետք է բացահայտեին հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը։ Այս պահին գործը գտնվում է ՍԴ ում: Արա Ղազարյանը դիմել է այնտեղ քրեական դատավարության օրենսգրքի 279 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու համար, որով էլ հենց գործ է հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ. «Այս պահի դրությամբ պետք է գործը գոնե կասեցվի, մինչեւ ՍԴ-ի որոշումը, բայց չի արվում դա: Իսկ դատավարությունը կլինի հոկտեմբերի 20-ին»: Մասնագետների պնդմամբ՝ շարքային քրեական գործի դեպքում աղբյուրի բացահայտման պարտադրանքը անօրինական է. «ԶԼՄ- ների մասին օրենքում շատ հստակ ասվում է , որ աղբյուրը պետք է բացահայտվի, երբ խոսքը գնում է ծանր կամ առանձնապես ծանր դեպքերի մասին, իսկ Գյումրիում նման բան չի եղել, իրավապահները փորձում են այդպես ներկայացնել, բայց դա շինծու է»,- կարծում է «Խոսքի ազատության պաշտպանության» կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանը ու հավելում՝ այս դեպքում խոսքի ազատության իրավունքն ավելի բարձր է դասվում, քան այդ փոքրիկ հանցագործությունը. «Հասարակական շահն այս դեպքում հենց աղբյուրի չբացահայտելն է եւ ի վերջո՝ առանց գաղտնի աղբյուրների լրագրություն գոյություն չունի, առավել եւս հետաքննական լրագրություն»: