Անվճար ավտոբուսներ՝ դեպի Հայրավանքի փառատոն (տեսանյութ)
Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի առանձնատանը տեղի կունենա «Տերտերյանի ժամանակը» հայ-ռուսական համատեղ նախագիծը ՝ նվիրված կոմպոզիտորի հիշատակին ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ծրագիրը բազմաբովանդակ է ՝ երգ, պար,երաժշտություն, ասմունք, ինչպես նաև կինոծրագիր «Ավետ Տերտերյանը և նրա երաժշտությունը կինոարվեստում» խորագրով։ Նախագծին մասնակցելու են նաև ռուսական մշակույթի ականավոր գործիչներ։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ նման մեծամասշտաբ ծրագիր առաջին անգամ է իրականացվում, սակայն այն լինելու է շարունակական։ «Ծրագրի նպատակն է առաջին հերթին տերտերյանական երաժշտությունը ճանաչելի դարձնել ու տարածել։ Հնչեցնելով Տերտերյանի երաժշտությունը՝ ցանկանում ենք այն ամենայն խորությամբ հասցնել ունկնդրին։ Լինում են շատ դեպքեր, երբ լսում ես երաժշտությունը, սակայն չգիտես, թե ով է հեղինակը։ Կարծում եմ քայլերից մեկն էլ այն է, որ ճանաչելի դարձնելով Ավետ Տերտերյանի նման կոմպոզիտորին, ճանաչելի ենք դարձնում, առհասարակ, հայկական երաժշտությունը, իսկ նման փառատոններն աջակցում են այդ նպատակի իրագործմանը»,- «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց պարոն Սաթյանը։ Վերջինս այս համատեքստում կարևոր համարեց այն հանգամանքը, որ վերջին 2 տարվա ընթացքում ակտիվացել են տարբեր երկրների հայ համայնքները՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Շվեյցարիայի։ «Նրանք ամեն մեկը փորձում են օգտակար լինել և ամեն տարբերակներով ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը, քանի որ մարդու մտածողության վրա միայն երաժշտությունն է, որ կարող է ազդել առանց խոսքի։ Այդ իսկ պատճառով բոլորն սկսել են աշխատել այդ ուղղությամբ»,- շեշտում է բանախոսը։ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, «Մշակույթ և Ապագա» հիմնադրամի նախագահ Կարեն Մկրտչյանն էլ իր հերթին հավելեց, որ ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից է Արվեստի փրկիչ ուժի նկատմամբ հավատը, հայ մեծանուն հանճարի հիշատակի առջև խոնարհվելը և նրա երաժշտության տարածումը՝ Համաշխարհային դասական երաժշտության բնագավառում։ «Շատ կարևոր է նաև հայ-ռուսական հոգևոր և մշակութային կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության առավել լայն շրջանակների ստեղծումը։ Ահա ինձ համար այն կարևոր հանգամանքները, որոնց համար այսօր ես գտնվում եմ այստեղ»,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը։ Նշենք նաև, որ փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցողների համար հուլիսի 29-ին տրամադրվելու են անվճար ավտոբուսներ՝ Հայրավանք մեկնելու և վերադառնալու համար։