Արա Բուդաղյանը կմնա կալանքի տակ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկում էր նրան կալանավորելու որոշումը։ Նա բացասական է գնահատում դատարանի որոշումը. «Խնդիր չկար որեւէ խափանման միջոց ընտրելու»,- «Ա1+»-ին ասաց Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք հոգու՝ Հենրիկ Ավագյանին, Վիտալի Մինասյանին եւ Գարեն Աթաջանյանին: Արա Բուդաղյանի մյուս եղբայրն էլ` Արտակ Բուդաղյանը, մեղադրվում է 2013 թ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով։ Նա գործով միակ մեղադրյալն է։ Կրակոցների արդյունքում սպանվել էր նրանց մյուս եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը։