Թվային սարքերի ձեռքբերման ընթացակարգը հստակեցվում է
Օրենսդրական նախաձեռնություններ Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2016-2018թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, և կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ ցանկացած փոփոխության և լրացման հաստատումը չեն կարող վերապահվել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի իրավասությանը, ինչպես առաջարկել է նախագծի հեղինակը: Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Բարելավվում են մարզային ճանապարհները Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ: Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ: Գործադիրը գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծել ապահովել թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման ընթացակարգի կայացումը: Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին: Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումով գործադիրը 2013թ. հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշումը համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչի արդյունքում կլուծվեն կադրերի ընտրության և համալրման՝ ամենօրյա աշխատանքում առաջացող խնդիրները: Կառավարությունը համապատասխան գույք է հատկացրել ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է ՀՀ կառավարության անունից կնքել նախկինում ստորագրված պայմանագրում լրացում կատարելու մասին պայմանագիրը: «ԱԲԲԱ» ՍՊԸ-ին մեկ այլ որոշմամբ տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մանրածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով: