Լեգենդար Բորոդինի անվան քառյակի համերգը՝ վաղը
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակը։ Քառյակի հետ ելույթ կունենա ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից։ Նա կկատարի Շուբերտի Թավջութակի կվինտետը։ Կհնչեն նաև Չայկովսկու թիվ 1 կվարտետը և Ռուբեն Սարգսյանի «Epilogue» լարային կվարտետը, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին։ Փառատոնը նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90- ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ի դեպ՝ 1945-ին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների ջանքերով հիմնված կվարտետը, մինչև օրս կամերային երաժշտության ամենաերկարակյաց կոլեկտիվներից մեկն է։ Այն 70 տարիների ընթացքում 6000-ից ավելի համերգներ է ունեցել նախկին ԽՍՀՄ, նաև՝ Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի տասնյակ երկրներում։ Ներկայումս Բորոդինի քառյակում հանդես են գալիս Ռուբեն Ահարոնյանը (ջութակ), Սերգեյ Լոմովսկին (ջութակ), Իգոր Նայդինը (ալտ) և Վլադիմիր Բալշինը (թավջութակ)։