Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածի մոտ եւս մեկ անբուժելի հիվանդություն կա

Հասարակություն
abd882665d5373ae780868d8dea6857d

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղավոր ճանաչված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի մոտ օրեր առաջ հայտնաբերվել է եւս մեկ անբուժելի հիվանդություն, որը ներառված է պատժից ազատվելու հիվանդությունների ցանկում։ «ՔԿՀ-ն արդեն տեղյակ է այդ մասին, սակայն գործում քայլեր չեն արվում։ Այս պահին արձագանք չկա ոչ նախարարությունից, ոչ էլ ՔԿՀ-ից»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Գրիշա Բալասանյանը։ Պաշտպանի խոսքերով՝ բավական չէ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, որը պատժի հետագա կրումից ազատվելու հիմք է, հիմա էլ եւս մեկ հիվանդություն ողնաշարի հետ կապված. « Ցավոք, ՔԿՀ-ի համար պետք է ահազանգի նման բան լինի, որ ավելի արագացնի գործընթացը։ Այստեղ Սողոմոն Քոչարյանի անձը չէ։   Ոչ Արդարադատության նախարարությունը, ոչ ՔԿՀ-ն չեն ցանկանում, որ հիվանդության հիմքով ցմահներից որեւէ մեկը պատժից ազատվի, որ դա նախադեպ չդառնա, որովհետեւ ներկայումս էլ իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկվածներից մի քանիսը ունեն ծանր հիվանդություններ, բայց ուշադրության չեն արժանանում, բուժումներ չեն ստանում եւ այլն»։ Օգոստոսի 27-ից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Սողոմոն Քոչարյանը չի կարողանում քայլել, նստել, նորմալ չի էլ սնվում. «Անընդհատ ցավազրկողներ են ներարկում, լինում են օրեր, որ 7-8 անգամ ներարկում են ցավազրկող, որ կարողանա հանգստանալ»,- նշեց նրա պաշտպան Գրիշա Բալասանյանը։ Սողոմոն Քոչարյանն արդեն 21 տարի է՝ իր պատիժը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրում է փակ ռեժիմով։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն էլ «Ա1+»-ին փոխանցեց, որ տեղյակ են, նոր հետազոտություն է կատարվել։ Նրանք պահանջել են առողջության մասին տեղեկանքը եւ ստանալուց հետո համապատասխան ընթացք կտրվի գործին։