ԴԱՀԿ-ն գույքը չի հանում կալանքից, չնայած քաղաքացիները ժամանակին վճարում են (տեսանյութ)
Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության ընդունարանում վիճաբանության ձայներ են՝ քաղաքացին փորձում է աշխատակցից պարզել, թե ինչու է նա չի զբաղվում իր գործով՝ կալանքի դրված գույքը հանելու համար: Նա միակը չէ, որը բախվել է այս խնդրին։ Գույքի վրայից կալանքը ամիսներ շարունակ չի հանվում, մինչդեռ օրենքով դա պետք է արվի երեք օրվա ընթացքում: Քաղաքացիները համաձայնվում են խոսել չտեսանկարահանվելու պայմանով։ «Վճարված են ակտերը, ԴԱՀԿ-ն գույքը չի հանում կալանքից: Ամսի հինգից ես արդեն պետք է ավարտած լինեի»,- ասում է քաղաքացիներից մեկը: ԴԱՀԿ աշխատակիցների աշխատանքից դժգոհ մեկ ուրիշը նշում է. «Ավտոմեքենան կալանքի տակ է, մինչդեռ վճարումների չեկերը ինձ մոտ են: Չեն հասկանում՝ ինչ է կատարվում, գնում ես աշխատակիցների մոտ՝ փաստաթղթերը մեկը մյուսին է փոխանցում»: Քաղաքացիներից մեկն էլ բանկում գործարք կատարելիս ապշել է՝ տեղեկանալով, որ հաշիվները կալանքի տակ են, ու ինքը պետք է երեք հարյուր հազար դրամ վճարի: «Մտա աշխատակցին ասեցի՝ իմ ավտոմեքենայի վրա ի՞նչ տույժ ու տուգանք ունեմ, թուղթը նայեց՝ պատասխանելով՝ 300000 դրամ: Ասեցի՝ քույրիկ ջան ուշադիր նայեք, ստուգելուց հետո պարզվեց՝ 110000 դրամ եմ վճարելու: Ու այսքանը՝ երկու րոպե խոսելուց հետո, հիմա տանեմ ես ստուգեմ՝ կարող է 59000 դառնա»: Տուգանքի մասին ծանուցումը ոստիկանության կողմից իրականացվում է փոստային ծառայության միջոցով, դրա մասին կարելի է տեղեկանալ նաև համացանցով, սակայն այս հնարավորությունը ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Քաղաքացիներից մեկի պնդմամբ՝ պատշաճ չծանուցման մեղավորը կամ ոստիկանությունն է, կամ փոստը: Նա պատրաստվում է պարզել մեղավորին։ «Դա պարզաբանելուց հետո արդեն հավանաբար կդիմեմ դատարան: Օրենքը խախտելու համար պետք է մեղավորները պատժվեն: Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի օրենքը ոչ թե կամայականությունը»: Իսկ թե ո՞վ պետք է պատասխանատվություն կրի քաղաքացիներին պատճառված անհարմարությունների համար, անպատասխան հարցերի շարքից է: