«Հանրաքվեի արդյունքը ոչ թե ընդդիմության, այլ իշխանության պարտությունն է» (տեսանյութ)
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ սահմանադրության հանրաքվեին հրապարակված նախնական արդյունքները ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ սա ընդդիմության պարտությունն է։ «Սա հենց իշխանության պարտությունն է, քանի որ այս անգամ էլ նրանք չկարողացան գործը գլուխ բերել առանց ընտրակեղծիքների»։ Նա շեշտեց՝ հանրաքվեի կեղծումը պետական հանցագործություն է. «Մեր տունը կողոպտել են և հիմա մենք պետք է մեզ մեղադրենք, թե ինչու դուռն ամուր չէինք կողպել կամ կարող էինք ավելի հաստ դուռ դրած լինել։ Չնայած սա հերթական կեղծումն էր ընտրությունների և պետք է լուրջ մտածենք այդ մասին»։ «Հասարակությունն այնքան ուժ ունի, որ իշխանությանն ասի Ոչ, սակայն չունի այնքան ուժ, որ պահի այդ Ոչ-ը։ Այն տեղամասերում, որտեղ վստահված անձինք ու դիտորդները կարողացել են պահել մարդկանց ձայները, այնտեղ Ոչ-ը հաղթել է, որտեղ ոչ, Այո-ն է հաղթել»,-իր հերթին նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա կարծում է, որ Ոչ-ի դաշտը միասնական է և արեց այն ամենն, ինչ իրենից պահանջվում էր՝ կարողանալով մարդկանց համոզել իրենց գաղափարների ճշմարտացիության մեջ։ Իսկ իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն առանձնապես չեն խոսում ընտրակեղծիքների մասին. «Դե Դաշնակցությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, չի ասում, որ այո, մեծ խախտումներ են եղել։ Իսկ ԲՀԿ-ն իր դեմքը պահելու խնդիր չունի, փետրվարի 12-ի դեպքերից հետո այն փոխվեց։ Հիմա ԲՀԿ-ն դարձել է ՀՀԿ մասնաճյուղ։ Հանրապետականը պահում է նրան որպես գրպանի խաղալիք, որ անհրաժեշտ պահի օգտագործի»։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ընդգծեց, որ այս ընտրություններին քաղաքական այլ տեխնոլոգիա կիրառվեց. եթե նախկինում ամեն ինչ արվում էր տեղամասից դուրս, այս անգամ՝ հակառակն էր։ «Փողոցում մեծ ճնշում չկար իշխանության դեմ և իրենք նույնիսկ իրենց շռայլություն թույլ տվեցին՝ հեռուստաեթերում ընդդիմության առջև դռները բացելով։ Բայց հանրաքվեի ժամանակ հանկարծ ոտք ու ձեռք ընկան ու հասկացան, որ պետք է դիմեն հին մեթոդներին»։ Ընդդիմադիր դաշտում առկա բացը նույնպես իր հետևանքն ունեցավ այս գործընթացում. «Ընդդիմության մեջ չկա ընդգծված խարիզմատիկ լիդեր, որի խոսքը, միանշանակ, ընդունելի լինի հանրության համար»,-նշեց պարոն Հակոբյանը։