Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ դեսպանը շեշտեց, որ 27 տարի անց Գյումրիում դեռ կացարաններում ապրող կա (տեսանյութ)

Հասարակություն
Hamajoxov-nkar

Այսօր մեկնարկեց «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը։ Այն նվիրված է աղետների ռիսկի նվազեցման հանրային իրազեկման խնդիրներին և Սենդայի գործընթացի համատեքստում լրատվամիջոցների դերին ու ազդեցությանը։ Կազմակերպիչը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն է և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը։ «Հայաստանն առավելություն ունի աղետների ռիսկի նվազեցման հարցում, քանի որ փոքր երկիր է, քիչ բնակչությամբ, միատարր և հանրային իրազեկումը կարող է շատ արդյունավետ լինել։ Պետք չէ մեկ, երկու միջոցառմամբ բավարարվել. իրազեկումն անընդհատ է պետք իրականացնել, որպեսզի դա դառնա վաղ ազդարարման կարևոր մաս։ Վաղ ազդարարումը, նախազգուշացումը միայն տեխնիկական հարց չէ և վերաբերում է նաև բնակչությանը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Մարգարետ Վոլսթրոմը։ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն իր հերթին կարևորեց լրատվամիջոցների դերը, որոնք լուսաբանում են տեղի ունեցող արտակարգ դեպքերը։ «Տարբեր դեպք-պատահարները, որոնց արդյունքում կորուստներ, զոհեր, վիրավորներ են լինում, հասարակական մեծ հնչեղություն ունեն և լրագրողներին հետաքրքրում են առաջին հերթին։ Սակայն աղետների ռիսկի նվազեցումը, այն բոլոր խնդիրները, որ կապված են մարդկանց պաշտպանության, ուսուցման, պատրաստվածության հետ, կարծես թե մեդիայի աչքից դուրս են մնում։ Երևանյան այս կոնֆերանսը նպատակ ունի համախմբել բոլոր իրազեկողներին, կարևորն անկարևորից զատել և լրատվամիջոցներին նույնպես ներգրավել։ Երկրաշարժ տեսած ժողովուրդն իրավունք չունի հանգիստ, հանդարտ, անիրազեկ, առանց գիտելիքների, այսպես խոցելի դիմագրավել հաջորդ աղետը, քանի որ երկրաշարժ էլի լինելու է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք այնքան պատրաստ լինենք, որ հերթական փորձությունը մեզ համար փորձանք չդառնա»։ Իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համաժողովին իր ելույթում, կարևորելով ներկայումս աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը, շեշտեց նաև. «Երկու շաբաթ առաջ Գյումրիում էի։ Երկրաշարժից 27 տարի անց այնտեղ դեռ ժամանակավոր կացարաններում ապրող մարդիկ կան»։