Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաժան բան է, երբ դիմացդ սպիտակ թուղթն է, եւ դու պետք է լցնես այն»

Հասարակություն
Հրանտ-Թադեւոսյան

«Արտասահմանցիներին թվում է, թե գալիս են մի գավառական երկիր, ի՞նչ պիտի լինի այս երկրի արվեստը, սակայն երբ ծանոթանում են մեր գործերին, ընդունում են իրենց սխալ կարծիքը»,- ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը` այսօր հրավիրած ասուլիսում։ Գեղանկարիչը նշում է, որ կան խոչընդոտներ՝ կապված ցուցահանդեսների տարածքների, ջեռուցման հետ, սակայն անկախ պայմաններից՝ նկարիչը մնում է նկարիչ եւ ստեղծագործում է։ Գեղանկարչի կայացման համար անհրաժեշտ է ինքնուրույն մտածելակերպ, հոգու խաղաղություն, սակայն այսքանը բավարար չէ, պետք է արվեստը զգալ ներսում»։ Հրանտ Թադեւոսյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ «Ունենք շատ բանիմաց եւ պրպտող ուսանողություն։ Ես ուսանողներիս հետ հավասար աշխատում եմ, հպարտությամբ եմ ասում, որ նրանք պարզապես ագահությամբ կարողանում են ընկալել բնությունը, շրջակայքը, պարզապես յուրաքանչյուր գեղանկարիչ պետք է ի զորու լինի ինքնուրույն բացել իր արահետը, ձեւավորել ոճը։ Լինում է, որ ցուցահանդեսների ժամանակ հստակ զգում ես՝ սա այսինչ գեղանկարչի ուսանողի աշխատանքն է, սակայն իսկական գեղանկարչի աշխատանքը պետք է դեռ հեռվից ճանաչելի լինի»։ Պրն Թադեւոսյանը խորհրդային տարիներին մերժված լինելու պատճառով շուրջ 20 տարի՝ 1968-1988 թվականներին, չի ստեղծագործել, իսկ երբ վերսկսել է, մի տարվա ընթացքում նկարել է շուրջ 381 նկար։ Այն հարցին, թե ինչպես են ծնվում նկարների գաղափարները, գեղանկարիչը պատասխանեց. «Ինչպես ասում էր Հրանտ Մաթեւոսյանը՝ դաժան բան է, երբ դիմացդ սպիտակ թուղթն է եւ դու պետք է լցնես այն, առավել դժվար է, երբ դիմացդ դատարկ կտավն է։ Լինում է, որ թեկուզ վերեւի հարկից կաթկթում է եւ պատին գոյացած նախշերից ծնվում է մի միտք։ Առաջին իսկ վրձնահարվածը անմիջապես հուշում է, թե հաջորդը ինչ պետք է անես եւ պետք է այնպես անես, որ նկարի եւ ոչ մի հատվածում որեւէ խորթ տեղ չմնա»։