«Մեր երկրում չի փոխվում մտածելակերպը». ինչպես նվազեցնել խախտումները (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր կրկին բարձրացրել էին վարորդներին հուզող խնդիրները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամներից Արման Սուլեյմանյանը նշեց. «Խնդիրը մեկն է՝ մեր երկրում չի փոխվում մտածելակերպը։ Նոր նախարարը փորձում է ինչ-որ բան կորզել մեր ասածներից, բալային համակարգ է մտցնում, բայց դա մեզ հետ չեն քննարկում։ Այսինքն, մի իրավիճակ է, որ հաշմանդամների համար թեքահարթակ են սարքում այն պարագայում, որ ոչ մի տրանսպորտային միջոց հարմարեցված չէ նրանց տեղափոխման համար: Բալային համակարգ են մտցնում, բայց ցավալին այն է, որ նախարարն ասում է, թե եթե վարորդը սպառում է իր միավորները, նա կարող է գնել եւ ավելացնել իր հաշիվը։ Մի կողմից ստացվում է՝ կատարում են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության առաջարկը, մյուս կողմից՝ կրկին ամեն ինչ կապում են փողի հետ»,-ասաց նա՝ անդրադառնալով վարորդների խախտումների համար ներդրված բալային համակարգին։ Արման Սուլեյմանյանը կարծում է, որ 600 բալը սպառելուց հետո մարդուն պետք է ընդհանրապես զրկել վարորդական իրավունքից, որպեսզի ահը սրտում լինի եւ սկսի շնորհքով վարել մեքենան: Նախաձեռնության անդամները նշում են, որ թեեւ նվազ խախտումների վերաբերյալ ՀՀ նախագահի հորդորից անցել է մի քանի ամիս, սակայն որեւէ դրական տեղաշարժ չկա այս հարցում։ «Դրանց համար տուգանքները շարունակում են աճել»,-նշեցին նրանք՝ հավելելով, թե հստակեցված չէ նաեւ, թե որոնք են նվազ խախտումները։