Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհում աննախադեպ գործընթացներ են, որ Հայաստանի կողքով չեն անցնելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
anush-sedrakyan

Բացարձակապես էական չէ, թե ինչի հետեւանքով ենք սահմանին զոհեր ունենում՝  հիբրիդային պատերազմի, թե՞ քաղաքական ինտրիգների պատճառով: Ցավը նույնիսկ չի թուլացնում այն, որ սահմանին զոհեր գրանցվում են Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ յուրաքանչյուր հանդիպումից առաջ: Այսօր հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքերով՝ վաղը կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ պետք է հնչեն քաղաքական հստակ գնահատականներ. «Եթե այս իրավիճակը շարունակվում է, Հայաստանը պատրաստ է գնալ որեւէ ռազմական գործողության: Դա քաղաքական բան է, բայց դրանից հետո ինչ պետք է լինի մեզ հետ՝ հայտնի չէ: Մենք գտնվում ենք տնտեսական ռեսուրսների բացակայության շրջանում»: ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ ավելացնում է, որ հանդիպումը կարող է սպասելիքներ առաջացնել. «Քանի դեռ այդ միջադեպերը, գործողությունները, զոհերը կան, այդ հարցերի քննարկումը ես կարծում եմ, որ առաջնային կլինի: Յուրաքանչյուր հանդիպում իր մեջ պարունակում է լավատեսություն, որ սահմանային միջադեպերը չտանեն այնպիսի բախումների եւ առճակատման, որի հաջորդ քայլը ըստ էության պետք է լինի երկու երկրների միջեւ պատերազմի վերսկսումը»։ Նրա խոսքով՝ Հայաստանը այլ ելք չունի, քան հակառակորդի գործողությունների դեպքում տալ արժանի հակահարված. «Եթե մենք այսօր ունենք երեք զոհ, ապա պետք է այնպես անել, որ հակառակորդի զոհերը լինեն տասնապատիկ»։ Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ եթե սահմանին զինվոր է զոհվում, մասամբ խախտվում է այդ երկրի դիվանագիտական եւ քաղաքական հիմնական վեկտորը: «Յուրաքանչյուր հիբրիդային պատերազմի զոհ նախ եւ առաջ տվյալ երկրի դաշնակցային բլոկի թերությունների հետեւանք է»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահն այսօր անդրադարձավ նաեւ ռուս-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ այդ խնդիրների ֆոնին Հայաստանն ուղղակի դառնալու է պատերազմական առճակատման գոտի: Նրա խոսքերով՝ սա վատթարագույն սցենարն է, բայց աշխարհում աննախադեպ գործընթացներ են, եւ մտածել, որ դրանք անցնելու են Հայաստանի կողքով՝ անտրամաբանական է: