Պարզվում են ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն: Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանn իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է վիրավորում: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին