2016-ից 10-յակ գյուղական համայնքների բնակիչներ ուրախանալու առիթ կունենան (տեսանյութ)
35000 գյուղական տնային տնտեսությունների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակը հինգ տարվա ընթացքում 34 միլիոն դոլարի աշխատանք է կատարել: «Հիմնադրվել են 80-ից ավելի այգիներ, հանրապետության 90 համայնքներում իրականացվել են ներդրումներ, որից 51 համայնքում գազիֆիկացման աշխատանքներ, կառուցվել է շուրջ 606 կիլոմետր գազաբաշխիչ ցանց և գազատար: 25 համայնքներում կառուցվել և վերակառուցվել է ջրամատակարարման համակարգեր, ինչպես նաև 280 կիլոմետր ջրատարների անցկացում: 14 համայնքում իրականացվել է համակարգերի վերակառուցում»,- ԳԶՄՀ ԾԻԳ գլխավոր մասնագետ Գեորգի Գևորգյանը: Գյուղացին հաճախ բողոքում է, որ թեեւ համայնքը գազաֆիկացված է, սակայն բարձր գների պատճառով չեն կարողանում այդ վառելիքը հասցնել իրենց բնակարաններ: Արդյո՞ք պետությունն անելիք չունի: Գեորգի Գևորգյանը նշում է. «Մենք կառուցում ենք գազատարներն ու գազաբաշխիչ ցանցը, բոլոր փողոցներով տանում ենք մինչև մարդկանց տների դարպասի մոտ: Դարպասից ներս մտնելու իրավունքն արդեն պատկանում է Գազպրոմ Արմենիա ընկերությանը»: Ըստ նրա, այնուամենայնիվ, իրենք այդ ուղղությամբ էլ են քայլեր ձեռնարկել։ «Անցյալ տարի այդպիսի խնդիր մենք բարձրացրինք ծրագրով, Կառավարություն, Ազգային ժողով մտանք: Ուզում էինք, որ միանգամից գազը հասցնենք սպառողին, սակայն այդ հնարավորությունը մեզ չտվեցին: Գազպրոմն ինքը ասեց, որ այդտեղ մասնագիտական խնդիրներ են»: 2016 թվականից էլ մի քանի տասնյակ գյուղական համայնքների բնակիչներ ուրախանալու առիթ կունենան: Սոցիալ-տնտեսական վիճակը լավացնելու համար Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրմանն արդեն 24 միլիոն դոլար վարկ տվել է, սպասվում է նաև համագործակցություն Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ: «Այն կնպատակաուղղվի ոռոգման և ջրամատակարարման համակարգերի կառուցման, ինչպես նաև գյուղական վայրերում ֆինանսական ռեսուրսների մատչելիությանը»,- ասում է պարոն Գևորգյանը: Ծրագիրն իրականացվելու է վեց տարի ժամկետով՝ 7 մարզերում՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին։ Դիտեք նաև տեսանյութը