Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարեւանից հետ չմնալու հետեւանք է»՝ ազգագրագետը «ապառիկ» Ամանորի մասին

Հասարակություն
69b656cf270d7c48af24a66406ed81ea

Հայ ժողովուրդը տոն եւ տոնահանդես սիրող ժողովուրդ է, իսկ Ամանորն այնքան հին տոնակատարություն է, որքան մեր ժողովուրդը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը՝ ավելացնելով, որ հեթանոսական շրջանում Ամանորն ավելի շքեղ է անցկացվել՝ մարմնամարզական խաղերով՝ զորահրամանատարների ուղեկցությամբ ու թագավորի գլխավորությամբ: Ըստ նրա՝ հիմա տոնին անպատրաստ ու անհաղորդ են մարդիկ, համաժողովրդական լայն արձագանք չի ունենում. «Որո՞նք են պատճառները: Հայոց ցեղասպանության արդյունքում ժողովուրդը հեռացավ իր արմատներից, ցիրուցան եղավ, հեռացավ իր էթնիկ միջավայրից, մյուս կողմից կոմունիստական համակարգը բոլոր ազգային տոները ընկալեց որպես եկեղեցական ծեսեր»: Ազգագրագետը ներկայացրեց 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարասկզբին հայերիս կողմից Ամանորի անցկացման ծիսակարգը. «Հիմնականում ձգում էին մաքրել  բնակավայրը, մարդու մարմինն ու հոգին թեթեւացնել: Շատ կարեւոր էին ծիսական ուտեստներն ու այցելությունները, բախտագուշակությունները: Օրինակ՝ ազատվում էին հնոտիներից՝ ակնկալելով, որ նորի մուտք գործելը ապահովում է տվյալ տարվա առատությունը»: Հայերիս մոտ, ըստ Ռաֆայել Նահապետյանի, հատկապես կարեւորվել է հատիկեղենի աղանդի, չրեղենի, մրգեղենի օգտագործումը եւ, ընդ որում, կարեւորվել է յոթ թիվը՝ ամեն ինչից յոթ հատ կամ յոթ տեսակ: Դա կապված է հեթանոսության շրջանի յոթ աստվածությունների հետ: Բացի այդ, Ամանորին հայերս պատրաստում ենք գաթա, որի գնդի մեջ դնում էին որեւէ նշան՝ կորիզ կամ մետաղադրամ եւ նախշազարդում տարվա տասներկու ամիսների կամ ընտանիքի անդամների թվին համապատասխան: Ապա, այն երեկոյան տան նահապետը կամ տանտիրուհին բաժանում է ընտանիքի անդամներին՝ հունվարի վեցին: Ում բաժին է ընկնում նշանը, տարվա հաջողությունն իրենն էր»: Բացի ձավարեղենից՝ ոսպով, սիսեռով, լոբով համատեղ պատրաստված պասուց տոլման կամ հարիսան  ընտանիքի ամրության ու հարատեւության խորհրդանիշն են, ապա, նրա խոսքերով, յուրաքանչյուր միգ եւս ուներ իր խորհրդանիշը. «Խնձորը աղջկա ընտրության պարագայում էր կիրառվում՝ սկեսուրները, եթե հավանում են աղջկան, ապա նրա գոգը դնում են խնձոր կամ նուռ: Նուռը նաեւ դռան շեմին էին խփում, որը տվյալ ընտանիքին անփորձանք լինելու խորհրդանիշն էր»: Ռաֆայել Նահապետյանի խոսքերով՝ այսօր Ամանորի ուտեստները շատ չափազանցված են, քանի որ առավել մեծ նշանակություն է տրվում մսեղենին: Նա անդրադարձավ նաեւ խոշոր սուպերմարկետներում, այսպես ասած, ապառիկով՝ անձնագրի գրավ դնելով, ուտելիք գնելուն եւ Ամանոր անելուն. «Դա հարեւանից հետ չմնալու հետեւանք է, դա մրցակցային վիճակ է, ցուցադրության իրավիճակ է: Հնում ամեն ինչ զուսպ է եղել, ուրախության զգացումն է եղել առաջնային»: Պարոն Նահապետյանն անդրադարձավ նաեւ գուշակություններին. «Հնում թոնրի մեջ խմորից պատրաստում էին «ասիլ-վասիլ»՝ մարդակերտ-կենդանակերպ առարկաներ՝ մատնոց, քորոց, ասեղ: Եթե տանը պիտի երեխա ծնվեր, բլիթ էին թխում, եթե սմքեր, աղջիկ էր ծնվելու, եթե կուտ գնար, ապա ղսմաթ չէր լինի, եթե փքվեր, ապա տղա կլիներ: Ի դեպ, հնում Ամանորը երկու անգամ էին նշում՝ մարտին եւ օգոստոսին, իսկ հարսանիքները մինչեւ օգոստոս չեն իրականացվում»: