Վարչապետը բարկացած է. առանց հիմնավորումների գումար են պահանջում
Կառավարության տարեվերջյան նիստին այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական բնակարանի խնդրի համալիր լուծման մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ կստեղծվի ֆոնդ, որի միջոցով ՀՀ տարբեր մարզերում գտնվող սոցիալական տան կացարանները հիմնականում կստանան մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Նախարարի խոսքերով՝ մինչ օրս արդեն կացարան ստացել է երկու հարյուր անձ: «Պետք է ընդհանուր մոտեցում ձեւավորել այս հարցի վերաբերյալ»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն այսօր բազմաթիվ անգամ դիտողություններ արեց ինչպես ՏԿԱԻՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, այնպես էլ մյուս գերատեսչություների ղեկավարներին: Հովիկ Աբրահամյանը ներկայացված նախագծերի մի մասը չստորագրեց՝ հայտարարելով, որ մինչեւ իրեն գրավոր բացատրություններ չներկայացվեն՝ ինչի համար պետք է կառավարությունը այս կամ այն նախագծի համար գումար հատկացնի, որեւէ հատկացում չի հաստատի: Վաչե Տերտերյանը կառավարությունից խնդրեց շուրջ 7 միլիոն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանին՝ մարելու ծախսված էլեկտրաէներգիայի պարտքը: «Ես սա չեմ ստորագրում: Մարզպետը դեռ որեւէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է այդքան ծախսել»,- բարկացած արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: