«Ինձ որևէ մեկը չի կարող հանել». Կ. Դուրգարյանը՝ պաշտոնից ազատման մասին (տեսանյութ)
«Հուզված եմ և ցնցված»,-այսպես սկսեց իր խոսքը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն, ով մի քանի օր առաջ զրկվել է աշխատանքից: Պարոն Դուրգարյանին ծանուցագիր է ուղարկվել, որով տեղեկացվել է, որ լուծարվում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը և ինքը հեռացվում է պաշտոնից: «Թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ, աթոռի մասին խոսելու ցանկություն ես չունեմ: Նվագախմբին պետք է ստաբիլ դիրիժոր, որը կպահպանի ավանդույթները եւ կբարձրացնի որակը»,-նշեց նա: Արդյոք ներկայիս գեղարվեստական ղեկավարը կարո՞ղ է գլխավոր դիրիժոր լինել, պարոն Դուրգարյանը պատասխանեց. «Գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնում է շատ լավ գիտելիքների տիրապետող անձ: Գեղարվեստական ղեկավար կարող է լինել նկարիչը, դիրիժորը, երգիչը: Դա անձի հարց է, բայց թատրոնում կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք նվագախումբ չեն ղեկավարել. դրա համար կա գլխավոր դիրիժորի պաշտոն: Բայց ստեղծված վիճակում այսօր ես եկել եմ պաշտպանելու ոչ թե իմ պաշտոնն, այլ գլխավոր դիրիժորի հաստիքը: Ես կուզեի, որպեսզի գիտակ մարդիկ ղեկավարեին դաշտում և նման իրավիճակներ չլինեին»: Երաժիշտը չգիտի այս որոշման պատճառը, սակայն, շեշտեց. «Ինձ որևէ մեկը չի կարող հանել, որովհետև ես ունեմ իմ մասնագիտությունը: Ես այն տարիքում եմ, երբ դեռ հնարավորություն ունեմ սովորելու: Իսկ պաշտոնը կարող են հանել ինչ-ինչ պատճառներով: Իմ աշխատանքն ունեմ նաև դրսում, չէ՞ որ դասական արվեստը միջազգային է: Եվ գիտեք ինչ, դիրիժորը դիպլոմով չի, դիպլոմ ունեցող շատ մարդիկ կան»: Ի պաշտպանություն երաժիշտ ընկերոջ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց. «Լիքը անսիրտ, անհոգի երաժշտություն է այսօր հնչում, և այս դեպքում ակադեմիական արվեստն այլ խնդիր պետք է լուծի: Եթե դրսից հանկարծ որոշեն դիրիժոր բերել, ասեմ, որ օտարը չի կարող մեր մշակույթի արժանապատվությունը մեզ վերադարձնել»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ նշեց. «Գլխավոր դիրիժորի հաստիքը փակելը նշանակում է որոշել, որ ֆուտբոլին գլխավոր մարզիչ պետք չէ: Այսօր Կարեն Դուրգարյանի կողքին կանգնած են նրա երաժիշտները: Եվ նշեմ նաև, որ Կարենի նման պրոֆեսիոնալ դիրիժոր կարող է այլևս չունենանք»: Նշենք, որ Կարեն Դուրգարյանը 14 տարի աշխատել է Օպերային թատրոնում որպես գլխավոր դիրիժոր. «Եթե հաց ու պանիր է եղել, իրար հետ ենք կերել: Ամիսներով աշխատավարձ չենք ստացել, բայց շարունակել ենք աշխատել, որովհետեւ դա մեր մասնագիտությունն է»,-եզրափակեց նա: