Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղել՝ եղել է. պետք է վերադառնալ բնականոն կյանքին. քնաբան (տեսանյութ)

Հասարակություն
stres

Ինչպե՞ս հաղթահարել հետտոնական սթրեսը: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը հետտոնական սթրեսները բնութագրում է այսպես. «Տոն օրերին մենք ունենում ենք սպասումներ, որոնք իրականացվում են, բավարարվում եւ վերջանում: Մարդու մոտ սկսում է գերիշխել հուզական վիճակը, տեսանելի է դատարկության եւ անիմաստության զգացողություն, իսկ նոր պահանջմունքներ դեռեւս ձեւավորված չեն»: Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ կարեւոր է, որպեսզի մարդը անցում կատարի կյանքի նոր փուլ: Խոսելով հանգստից աշխատանքային ռեժիմի անցնելու մասին, հոգեբանը կարեւորեց, որպեսզի դա կատարվի աստիճանաբար. «Աշխատանքային ռեժիմը պետք է այնպես լինի, որ մարդը միանգամից ծանրաբեռնվածության չանցնի: Աշխատանքի անցումը պետք է սկսել շաբաթվա կեսից կամ շաբաթվա վերջին օրը, որ մարդը կարողանա հարմարվել: Շատ կարեւոր են ընդմիջումները, որովհետեւ երկարատեւ աշխատելը հավելյալ սթրես կառաջացնի, իսկ ընդմիջումներով աշխատելու դեպքում աշխատանքային ռեժիմի անցնելն ավելի հեշտ կլինի»,-ասաց հոգեբանը: Քնաբան Սամսոն Խաչատրյանը համաձայնեց հոգեբանի հետ՝ նշելով, որ տոնական օրերին խախտվում է քնի ռեժիմը, ինչպես նաեւ սննդակարգը: Նա խորհուրդ տվեց կամքի ուժ ցուցաբերել՝ կրկին անցնելով աշխատանքային գրաֆիկի: «Այն, ինչ եղել՝ եղել է: Պետք է քնել- արթնանալու հստակ գրաֆիկին վերադառնալ, եւ դա վերաբերում է ոչ միայն տոն օրերին: Շատ կարեւոր կլինի, որպեսզի քնի հիգիենայի կանոնները փորձենք պահպանել: Խորհուրդն այն է, որ վերադառնանք որեւէ հստակ ժամային գրաֆիկի, հստակ սննդակարգի, անպայման փորձենք սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների այն մեծ քանակությունը, որոնք այս օրերին մենք էլ ավելի չարաշահեցինք, եւ իհարկե, հաճելի ժամանցը շարունակել ավելի ընդունելի ժամերի»,-եզրափակեց նա: