Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիտեք»-ը մեղադրում է ձյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sari-hadat-saniteq

«Սանիտեք» ընկերության ներկայացուցիչը իր եւ ընկերության անունից ներողություն է խնդրում երեւանցիներից տոնական օրերին աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու համար: «Որ ձյունը ուշ մաքրվեց, ինչ-ինչ պատճառներով, աղբահանության որոշակի խնդիրների պատճառով ուշ հեռացվեց աղբը: Հիմնական խնդիրը տեղացած առատ ձյունն էր, եւ մեր ընկերությունը նման իրավիճակում առաջին անգամ էր»,- «Ա1+»-ին ասաց «Սանիտեք»-ի ներկայացուցիչ-ղեկավար   Սարի Հադաթը: Ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագիր ունի աղբահանության, իսկ ձմռան ամիսներին նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն էր հայտնել «Սանիտեք»-ին՝ խոստանալով հաջորդ անգամ աշխատանքների նման կերպ կազմակերպվելու դեպքում կիրառել խիստ պատժամիջոցներ: «Մենք հասկանում ենք պարոն Մարգարյանի մոտեցումը, ամբողջությամբ պատասխանատվություն ենք վերցրել նշված աշխատանքների համար եւ դա կատարել ենք որոշակի բացթողումներով»: Երեւանցիները հիշում էին, որ վերջին անգամ 93 թ-ին էր քաղաքը եղել նման աղբի ու ձյան մեջ: «93 թ-ից հետո առաջին անգամ էր, որ Երեւանում աղբահանությունը եւ ձյան մաքրման աշխատանքները ստանձնում է մասնավոր ընկերություն եւ այդ իսկ պատճառով ունեցել ենք նման խնդիրներ:   Սա մեր համար նոր մարտահրավեր էր եւ ամեն ոք սովորում է իր սխալներից»,- ավելացնում է «Սանիտեք»-ի ներկայացուցիչը: Թե որքան գումար է վճարում Երեւանի քաղաքապետարանը ընկերությանը, Սարի Հադաթը նախընտրում է լռել, եւ անհիմն է որակում այն լուրերը, թե քաղաքապետարանը աղբահանության համար իրենց չի վճարել, եւ իրենք դիմել են դատարան: «Միայն խոսակցություններ են, քաղաքապետարանը մեզ վճարում է ժամանակին: Մինչեւ ձյան գալը, նման խնդիրներ մենք չենք ունեցել, հենց ձյունը եկավ, նման խոսակցություններ տարածվեցին»: Երեւանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք»-ի ներկայացուցիչը   նաեւ խոստովանում է՝   բնակչության աջակցության կարիքն ունեն: «Այրվող մոխիրը լցնում են աղբամանի մեջ, գիտեք մեր աղբամանները պլաստմասե են։ Ներկա պահին 200 այրված աղբաման ունենք։ Բացի այդ, աղբը բերում, դնում են աղբամանի կողքին, երբ որ աղբամանը դատարկ է»: Ի դեպ, «Սանիտեք»-ը չի ափսոսում, որ ստանձնել է Երեւանում աղբահանության պատասխանատվությունը: