Ոստիկանությունը չխոչընդոտեց տոնածառերի մուտքը Ազատության հրապարակ (տեսանյութ)
20.00 «Երբ մենք ասում ենք, որ մեր պայքարը պետք է սիստեմի տրամաբանությունից դուրս լինի, դա պատահական չէ: Ես հավատում եմ, որ մենք այս տարի հաղթելու ենք»,-ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջինս անդրադարձավ նաև երեկ Հատուկ քննչական կոմիտեում գտնվելու ժամանակ իրեն ուղղված սպառնալիքներին: Այս համատեքստում իրենց հետագա գործողություների վերաբերյալ նա շեշտեց.
«Ես վստահ եմ, որ մանավանդ միջազգային հանրությունը մոտիկից հետևում է ազատության հրապարակում կատարվող իրադարձություններին:
Այս ռեժիմը դեկտեմբերի 31-ից ամեն ինչ արեց, որ մենք չլինենք , բառի բուն իմաստով չլինենք և շատերի հաշվարկով մենք այսօր չպետք է լինեինք: մեզանից շատերը պետք է լինեին բանտերում , ֆիզիկապես մեզնից շատերը ընդհանրապես չպետք է լինեին , բայց մեր այսօրվա այստեղ լինելով ՝մենք փաստեցինք այն հանգամանքը, որ մենք լինելու ենք:
Մեր միայն լինելության երևույթը,վստահեցնում եմ, որ բավարար է, որ այս համակարգից մենք ձերբազատվենք: Համակարգի փլուզումը շատ մոտ է և մնում էր միայն դիմանալ:
Այդ ամբողջ ռեպրեսիաներից հետո եթե մենք կարողացել ենք այստեղ ֆուրշետի սեղան տեղադրել ի հեճուկս ոստիկանության այն պնդումների, որ մենք իրավունք չունենք այստեղ գինի ըմպելու, մենք գինի էլ ըմպեցինք, ինչ ուզեցել ենք արել ենք: Ես վստահ եմ, որ հաղթանակի այն փոքրիկ մանրակերտը, որ մենք այսօր այստեղ պատկերացրեցինք, ոչ ուշ ժամանակում ամբողջանալու է ամբողջ Հայաստանով մեկ»,-եզրափակեց նա:
Հավաքը ազդարարվեց ավարտված։
19.15 Քիչ առաջ Ազատության հրապարակում ներկաներից մեկը առանձնահատուկ կերպարանքով՝ սև թիկնոցով ու կարմիր գլխարկով, առաջ եկավ և սկսեց բղավել.
«Սթափվեք կապիկներ, սա փոքր երկիր է»:
Ներկաներից մի քանիսը սկսեցին հակադարձել այդ մարդուն: Քիչ հետո պարզվեց, որ դա Հին նոր տարվան նվիրված միջոցառման շրջանակներում բեմականացման մի մասն էր:
«Նոր Հայաստան»-ի անդամներն այդ պահին նշեցին, որ երբ ոստիկաններին հրահանգ չի տրվում, նրանք չեն խոչընդոտում իրենց նախաձեռնություններին:
Հավաքի մասնակիցները կռահեցին, որ այդ անձը խորհրդանշում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ակցիայի մասնակիցներից շատերը ելույթներ ունեցան, որից հետք ազդարարվեց հավաքի ավարտը։
19.00 «Նոր Հայաստան» փրկության ճակատի միջոցառմանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն անտեղի ոչ ոքի չի ձերբակալում: Դիտարկմանը, թե նախորդ անգամ ակտիվիստներին չեն թույլատրել եղևնիներով գալ Ազատության հրապարակ, սակայն այսօր քաղաքացիները եղևնիներով այստեղ են , պարոն Օսիպյանն արձագանքեց.
«Հարցը եղևնիները չեն: Կարող էր այլ իր լինել նրանց մոտ, սակայն այդ մասին չէր իրազեկվել նախապես»:
Իսկ հանրային փրկության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը իր բարեմաղթանքը հղեց հայ ժողովրդին.
«Մաղթում եմ, որպեսզի 2016թ-ը լինի հաղթանակի տարի»:
Նշենք նաև, որ քիչ առաջ ներկա քաղաքացիներին հալվա բաժանվեց:
18.35 Եղևնիների շքերթ Ազատության հրապարակում:
Մոտ երեք տասնյակ քաղաքացիներ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների հետ միասին Սարյանի արձանի մոտից եկան Ազատության հրապարակ: Այստեղ նրանք միացան շուրջօրյա հերթապահություն իրականացնող իրենց համախոհներին:
Նախաձեռնության անդամներ Հովսեփ Խուրշուդյանը և Սյուզան Սիմոնյանը ողջունեցին ներկաներին , իրենց խոսքում շեշտելով, որ 2016թ-ին փոխելու են իշխանությունը:
Հին նոր տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ազգային երաժշտություն է հնչում:
«Նոր Հայաստան»-ի անդամները նաև սեղան են բացել Ազատության հրապարակում և գինիով շնորհավորում են միմյանց: Լինելու է նաև հարիսայի հյուրասիրություն:
Այս պահին մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են տարածքում:
Միջոցառմանը հեռվից հետևում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
18.20 «Դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը , երբ մենք այստեղ Ամանորն էինք նշում, ոստիկանության կողմից բիրտ, անօրինական ուժ կիրառվեց և ապօրինություն տեղի ունեցավ ազատության հրապարակում, երբ տոնածառը իմ ձեռքին էր: Ես պարոն Օսիպյանին նույնիսկ ասեցի, որ տոնածառը չեմ տեղադրում, ուղղակի ձեռքում եմ պահում, որը իրավական այլ կարգավիճակ է, քան այն տեղադրելը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս նաև հավելում է.
«կամ Մշակույթի նախարարությունը ինչպես է որոշում , թե՞ տոնածառը քաղաքական միջոցառման մաս է , թե մշակութային մաս է:Ուստիև ակնհայտ այդ ապօրինությունները տեղի ունեցան: Մեր քաղաքացիների նախաձեռնությամբ եղավ, որ հին նոր տարուն տոնածառներով քայլերթով գան դեպի Ազատության հրապարակ և մենք, որպես՝ «նոր Հայաստան», հին նոր տարին այստեղ միասին տոնենք և շատ ողջունելի է այդ նախաձեռնությունը»:
Պարոն մարիտիրոսյանը Հին նոր տարում մեր քաղաքացիներին մաղթեց ազատություն:
«Ազատություն, արդարություն մեր հայրենիքում, որովհետև արդարություն ունենալով մեր հայրենիքում, մենք արդարություն կունենանք նաև ողջ հայերի պաշտպանության հարցում»:
........
Ի համերաշխություն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության կողմից կոտրված տոնածառերի եւ դրանց պաշտպանած քաղաքացիների` քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սարյանի արձանի մոտ, որտեղից Ձմեռ պապի ուղեկցությամբ շարժվում են դեպի Ազատության հրապարակ: