Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. իշխանությունը արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)

Քաղաքականություն
adrbejan

Ադրբեջանում իրավիճակը լարված է: Նավթի գների անկմանը զուգահեռ նաև ազգային դրամ մանաթի արժեզրկումն է շարունակվում: Այդ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ադրբեջանցիներին կոչ է արել ապագա 4 տարին ապրել խնայողություններով: Ըստ նրա՝ խնայողական սկզբունքների վրա է կազմված նաև 2016 թվականի պետական բյուջեն: Արտագնա աշխատանքից հետ վերադարձած ադրբեջանցիները փաստի առաջ են կանգնել՝ աշխատած գումարներն ստիպված են փոխանակել արժեզրկված մանաթով: Ի նշան ապրանքների գների աճի դեմ բողոքի՝ Ադրբեջանի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են գալիս փողոց: Լենքորանի շրջանի Լիման քաղաքում այսօր տեղի ունեցած բողոքի գործողությունն ամենամեծն է քաղաքացիների մասնակցության առումով: Այն ավարտվել է առանց միջադեպերի: Իսկ ահա Սիյազան շրջանում ոստիկանությունն ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել գների բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Թուրան գործակալության փոխանցմամբ՝ այսօր 100-200 ադրբեջանցի էլ փակել է Բաքու-Աստարա ավտոճանապարհը: Նրանց բողոքն ուղղված է եղել ոչ միայն սպիրտի և ծխախոտի թանկացման, այլև Ադրբեջանում տիրող համատարած գործազրկության: Նախորդ օրերը ևս աչքի են ընկել լարվածությամբ: Հունվարի 12-ին մայրաքաղաք Բաքվից 300 կմ հեռավորության վրա գտնվող մարզկենտորն Ագջաբեդիում մեծամասշտաբ վողոքի գործողություն է անցկացվել: Այստեղ իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ երեք երիտասարդ բարձրացել էր քաղաքի շենքերից մեկի տանիք՝ սպառնալով ի նշան բողոքի ցած նետվել: Հավաքված քաղաքացիները կարողացել էին համոզել նրանց հետ մնալ իրենց այդ մտադրությունից: Հանգիստ չի եղել նաև Ադրբեջանի այլ շրջաններում: Այն բանից հետո, երբ 2015-ի դեկտեմբերի 21-ից սկսվեց ադրբեջանական մանաթի արժեզրկումը, երկրում գները շեշտակի աճեցին: Հունվարի մեկից արդեն սննդամթերքի մի քանի տեսակների գներն սկսել էին աճել: