Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնցերտ - Ֆանտազիա»-ն «դատապարտված» է հաջողության (տեսանյութ)

Մշակույթ
sergey-khachatryan

Առաջին անգամ կատարվելիք երաժշտական կտավի հաջողության գրավականն, անշուշտ երաժիշտ կատարողն է։ Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի ու նվագախմբի «Կոնցերտ-Ֆանտազիան» «դատապարտված» է հաջողության, քանի որ կհնչի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ՝ այսօր Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի բացման համերգին: «Երկու տարի առաջ Խաչատուր Մարտիրոսյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ կոնցերտ է գրել ինձ համար: Հաճելի անակնկալ էր, և ես խոստացա, որ անպայման կկատարեմ, միայն թե ժամանակ ու առիթ լինի»: «Երբ ժամանակակից կոմպոզիտորի գործ է կատարվում, այն  էլ առաջին անգամ, երաժիշտն ինքը պետք է նախ հասկանա ու պատկերացնի թե ինչ է նվագում, որ կարողանա այն ճիշտ մատուցել ունկնդրին, և սա աշխատատար պրոցես է, ոնց որ մի փոքրիկ բալիկի մեծացնես»,- ասում է ջութակահարը, -«սկսում ես ճանաչել, սկսում ես բացահայտել, ու  քեզ գտնել այդ գործի մեջ»: Չնայած հյուրախաղերի խիտ գրաֆիկին, հայ ազգի հպարտությունը՝ աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանը, միշտ ժամանակ է գտնում նվագել իր հայրենակիցների համար և այս տարի դեռ առիթ կունենաք ունկնդրելու նրան: Փառատոնը, որն ի դեպ, այս տարի նվիրված է Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին, առանձնանում է նրանով, որ կատարվում են ժամանակակից և երիտասարդ կոմպոզիտորների գործեր, հնչում են պրեմիերաներ ու ստեղծագործություններ, որոնք այսօր քիչ են կատարվում: Փառատոնի փակման համերգին Հայաստանի երիտասարդական նվագախումբը առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան: