Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտին կհասցվի փախստականների փաստաթղթերի հարցը

Հասարակություն
ffcd315d9badefc6daa07248ba9a1011

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողով»-ի գործունեության ժամկետը, այսօրվա կառավարության նիստում երկարաձգվեց մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ  Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մեծ մասը չունեն աշխատանքային գրքույկներ, անձնագրեր և անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ է առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ՝ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում: Ի դեպ, տվյալ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: 2015-ի հունվարից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունը ստացել է 75 դիմում, բավարարվել է 62-ը, 13-ը մերժվել է տարբեր պատճառներով: Ընդհանուր առմամբ հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թ.-ից, ծառայությունը ստացել է 700 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել է 451 դիմում, մերժվել է 225-ը` տարբեր պատճառներով, 24 դիմումատու չի ներկայացել հանձնաժողովի նիստին: Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ բերված տվյալները փաստում են, որ հանձնաժողովը օգտակար գործունեություն է ծավալել հարյուրավոր փախստականների համար և որ նրանց կողմից ներկայացվող դիմումների հոսքը շարունակվում է: Հանձնաժողովի գործունեության չշարունակման դեպքում ապահովագրական ստաժի հաստատման հարցեր ունեցող անձանց համար որպես տարբերակ կմնա միայն դատական եղանակով խնդրի լուծումը: