Խանութներում աշխատում են հարբուխով հիվանդ մարդիկ (տեսանյութ)
«Ամանորը սպառողների համար սկսվեց գեղեցիկ՝ եկավ ձյուն, բայց հենց հունվարի 1-ին ոտնահարվեց մարդկանց տեղաշարժման իրավունքը». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տոնական օրերը, հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Չեմ կարող մեր սպառողների անունից շնորհակալություն չհայտնել տաք ցիկլոններին, որոնք եկան եւ մաքրեցին մեր քաղաքը: Տոնական օրերին վնասվածքներով մոտ 730 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնց մեծամասնությունը եղել է առաջին երկու օրերի ընթացքում»,-ասաց նա: Պիպոյանը նշեց, որ համակարգում կառավարման խնդիր ունենք այս առումով. «Մասնավոր հատվածը՝ ի դեմս տաքսիների, անգամ դեկտեմբերի 31-ին ժամը 00:30-ից սկսած աշխատում էր: Եթե քաղաքացին գիտի, որ կարող է ունենալ լրացուցիչ եկամուտներ, ինքը դուրս կգա աշխատանքի: Պետական բյուջեն պետք է այնպես ձեւավորվեր, որ այդ մարդիկ արտաժամյա աշխատանքի համար վարձատրվեին»: Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաեւ H1N1 վիրուսի տարածմանը՝ նշելով, որ պատկան մարմինները այնպես արեցին, որ խուճապ ստեղծվի, մինչդեռ պետք էր ընդամենը զգոնություն առաջացնել. «Հաշվի առնելով H1N1-ը, հունվարի 20-ին արդեն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է հայտարարություն տարածեր հանրային սննդի օբյեկտներում եւ իրացման ցանցերում աշխատակիցների առողջական վիճակի հետ կապված իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ, որովհետեւ այս օրերին մենք շատ ահազանգեր ենք ստացել, որ տարբեր խանութներում աշխատում են հարբուխով հիվանդ մարդիկ»: