Քաղաքապետարանը պնդում է, որ «Դոլմամա»-ի և հարակից շենքերի քանդման թույլտվություն դեռ չկա
Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը:
Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:
Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երևանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում:
Հիշեցնենք այս առնչությամբ մեր հրապարակումը՝ առկա փաստաթղթերի հիման վրա.
«2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրն ասում է՝ կորցնելու է իր 18 տարվա աշխատանքը:
«Վնասը միայն ինձ չէ, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու: Այստեղ կան մի քանի շենքեր, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը 20-րդ դարի է»,- ասում է ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը»:

