Հանրապետության ճանապարհները՝ ժամը 16.00-ի դրությամբ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում բուք է: Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ...... Դիլիջանի ոլորաններում ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում Երեկվանից տեղացած և այսօր շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են։ «Դիլիջան Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանից տեղեկացանք, որ իրենց սպասարկման տարածքում, որն ընդգրկում է նաև երթևեկության համար բավական դժվարանցանելի Դիլիջանի ոլորանների հատվածը, գիշերվանից սկսած՝ ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ «Դիլիջանի ոլորանները մեր սպասարկման տակ գտնվող ամենադժվար հատվածն է։ Գիշերվանից աշխատում ենք։ Այս պահի դրությամբ ձյունն արդեն թուլացել է։ Մերթընդմերթ մառախուղ է իջնում, բայց դա չի խանգարում, որ մեքենա-մեխանիզմներն աշխատեն։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի վիճակում է։ Խցանումներ չեն առաջացել։ Երեկվանից «Սպայկա» ընկերության մեկ մեքենա է միայն ճանապարհին կանգնած։ Պատճառն այն է, որ անվադողերը ձմեռային չեն։ Վարորդն իր կազմակերպությանն արդեն տեղեկացրել է և սպասում է, որ նրանք գան, օգնեն»,- ասաց Գ. Վասիլյանը։ Գ. Վասիլյանը հավաստիացրեց նաև, որ իրենց սպասարկման մյուս տեղամասերում ևս՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածում, խնդիրներ չեն առաջացել։ «Ճանապարհը բաց է։ Առավոտից աղ ու ավազ ենք շաղ տվել, հիմա արդեն՝ մաքրում ենք»,- նշեց նա։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն